hayrapi baghdasaryan

Այդ ամենից հետո

Մի տարի շարունակ գերլարված օրեր անցկացրինք: Նրանք, ովքեր այս տարի պարապում էին ընդունելության համար, ինձ լավ կհասկանան: Դպրոց, պարապմունք, տուն, էլի նույն շրջանը, հետո արդեն վերջին զանգի փորձեր, ու ժամանակ չկար անգամ ուրիշ բանի մասին մտածելու: Պարապմունքի խմբի երեխաներով մի ընտանիք էինք դարձել, դպրոցում ավելի շատ էինք լինում, քան տանը: Միասին ուտում, թեյում, ամեն ինչ իրար հետ էինք անում: Հետո միայն տուն էինք գալիս` տնայինների ու մի քանի ժամ քնելու համար: Ծանր օրեր էին, բայց շատ լիքն էին:

Մի քանի ամիս առաջ մի նյութ էի գրել, որ անհամբեր սպասում ենք դպրոցն ավարտելուն ու քննություններին: Էդ օրերն էլ շատ չուշացան: Քննություններն «իրենց երախները լայն բացած» մեզ էին սպասում, բայց դե, մենք էլ տակից դուրս եկանք: Արդեն գիտեմ, որ իմ ուզած համալսարանն ու բաժինը կընդունվեմ, արդեն ապագա կուրսեցիներիս էլ գիտեմ: Բայց անցան նաև քննական օրերը: Ու հիմա դատարկություն է:

Ֆիլմերի ցանկը կա, գրքերի ցանկն արդեն կես է դառնում, երաժշտությունն ու ֆեյսբուքը կան, բայց մի բան այնպես չէ: Անորոշություն կամ դատարկություն: Չկան դպրոցի կատակները, եռուզեռը, ընկերները: Չէի սպասում այսքան մեծ բացի: Նոստալգիա… Քաղցր, հետն էլ` տխուր: Չգիտեմ՝ ինչքան ժամանակում կլցվի տակառը: Երևի սեպտեմբերին նոր ընկերների ու համալսարանի միջամտությունը կփոխի ներսումս եղած մթնոլորտը: Անգամ երկար ժամանակ նոր նյութի միտք չէր գալիս:

Ինձ թվում է, այս զգացողությունը միայն ինձ չէ, որ այցելել է: