Anush Jilavyan

Այդ «չարաբաստիկ» 13-ը

Մի քանի օր առաջ դեկտեմբերի 13-ն էր. սովորական առանց ձյան ձմեռային, աշխատանքային օր… Բայց մի վայրկյան… Սովորական է ինձ համար, այ, հարցրեք ցանկացած մարդու, ով իրեն համարում է թեկուզ շատ քիչ սնահավատ, և նրանք միանգամից կասեն` անհաջող օր է, ինչ որ վատ բան է լինելու, կամ լավագույն դեպքում, կզգուշացնեն վտանգավոր քայլեր չձեռնարկել:

Ախ, այս սնահավատությունները: Տպավորություն է, որ կյանքն առանց դրանց ձանձրալի է եղել, և մարդիկ հորինել են` ձանձրույթից ազատվելու համար: Բայց եթե մի կողմ դնեմ զայրույթս խեղճ սնահավատությունների վրա, ապա պետք է խոստովանեմ, որ շատ հետաքրքիր երևույթ են: Դրանք բնորոշ են ցանկացած ազգի, ու դրանց մեջ լավ դրսևորվում է տվյալ մշակույթի առանձնահատկությունները:

Այ օրինակ, մեզանում այդքան ատելի սև կատուն Բրիտանիայում հաջողության նշան է համարվում:

Բացի սա, չհավատաք երբեք նրան, ով կասի, որ բացարձակ սնահավատ չէ: Մենք միշտ ինչ որ մասնիկ ունենք մեր մեջ, որ հավատում է գերբնականին: Չկա մի մարդ, ով սև կատու տեսնելիս տարօրինակ զգացում չունենա, կամ 13 թիվը լսելիս ինչ-որ վատ միտք չայցելի:

Իհարկե, սնահավատությունները մեր մի մասնիկն են, և իրավունք չունենք մեղադրելու մարդկանց, ովքեր հավատում են դրանց կամ վախենում: Բայց անձամբ ես զայրանում եմ, երբ մարդիկ իրենց վախը փոխանցում են մյուսներին, կամ իրենց նախազգուշացումներով քո օրը իրոք անհաջող դարձնում:

Իհարկե, սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ սնահավատ չեմ, բայց դրանք փորձում եմ հաղթահարել, կամ եթե գոնե վատ կանխազգացողություն ունեմ, դա իմ մեջ եմ պահում, կամ գոնե ջրին եմ պատմում:

Իսկ դեկտեմբերի 13-ը շատ սովորական, հանգիստ օր էր փաստորեն: Դե, եթե հաշվի չառնեմ, որ այն պահին, երբ շատ շտապում էի, երթուղայինի 10 համարը 70 կարդալով նստեցի, հետո հասկացա, որ սխալվել եմ և 20 րոպե ժամանակ կորցրի, քանի որ ստիպված եղա երկու տրանսպորտով տուն հասնել:

Դե, հուսամ «13»-ը այստեղ կապ չուներ:

Ի դեպ, այսօր ուրբաթ է, դարձյալ սնահավատները լարված են: