Anush Jilavyan

Այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ

Ես երևի շատ քիչ մարդկանցից եմ, որ ինքս իմ ցանկությամբ եմ ընտրել մասնագիտությունս: Անկեղծ ասած, դա չէր հեշտացնում ընտրելու բարդությունը, ու մինչև վերջին պահը կասկածները տանջում էին ինձ:

Բայց ինձ «ճակատագրական» թվացող պահը անցավ, ու ստացվեց, որ ես դարձա պատմության ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի ուսանող: Ինձ սկզբում թվում էր, թե մասնագիտության ընտրությունը ամենակարևոր որոշումներից է մարդու կյանքում, բայց հիմա արդեն պարզ է, որ ընտրությամբ ոչինչ չի ավարտվում, այլ միայն սկսվում է:
Մասնագիտությունս երևի ընտրել եմ շատ ավելի շուտ, քան կհասկանայի «մասնագիտություն» բառի իմաստը: Երբ փոքր էի, տանը «պեղումներ» էի կատարում ու շատ «պատահաբար» հայտանբերում իմ թաքցրած իրերը, որոնք սովորաբար ինչ-որ փարավոնի կամ կայսրի են պատկանել: Սիրում էի հունական դիցաբանություն կարդալ, ու խաղերիս հերոսները սովորաբար Օլիմպոսի բարձունքի բնակիչներն էին: Մի խոսքով, ես իմ ժամանակում չէի ապրում:
Դպրոցում պատմություն առարկան երբեք առանձնահատուկ շատ չեմ սիրել: Պատմությունը դասագրքերում տարեթվերի ու անունների կույտ էր, որոնց մեջ կորչում էին իրադարձությունները, դրանց պատճառները ու հետևանքները: Ու եթե մի օր հնարավորություն ունենամ պատմություն դասավանդելու, նախ կփորձեմ աշակերտների ուղեղը մաքրել կարծրատիպերից, որ պատմությունը ուղղակի դասեր են մի գրքի մեջ լցրած, ու հասկանալու ոչինչ չկա, ուղղակի պետք է մտապահել: Պատմությունը սկսեցի շատ սիրել, երբ արդեն պատրաստվում էի ընդունելության քննությանը: Քննություններին սթրեսային շրջանից սահուն կանցնեմ ուսանողական արկածներին:
Արդեն դասերի առաջին օրը պարզ էր, որ իմ պատկերացումները քիչ մասն էին այն ամենի, ինչ մարդիկ կոչում են մշակութաբանություն:
Պարզվում է, մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է. այն ամենն է, ինչ մարդը ստեղծում է, ինչը դուրս է բնությունից (եթե իհարկե, գոյություն ունի բնությունից դուրս ինչ-որ բան): Մշակույթի մեջ մտնում է թե բարձրարժեք նմուշները, թե ամենահասարակ մանրուքները, որոնք մեզ կարևոր չեն թվում, բայց իրականում ուսումնասիրության շատ հետաքրքիր թեմա են:

Մենք սկսեցինք իրարից շատ տարբեր երևույթներ ուսումնասիրել, ու դրանից ավելի բարդացավ հասկանալ՝ իրականում ինչ մասնագիտություն եմ սովորում: Ինչքան լայն է ընտրությունը, այնքան դժվար է այն կատարել, բայց նաև շատ հաճելի է ունենալ ազատություն՝ որոշելու, թե մշակույթի լայն ոլորտում, որ բնագավառն է քեզ հոգեհարազատ:
Ես կուզեի պատմել այն բոլոր հետաքրքիր երևույթների ու մտքերի, մարդկանց մասին, ովքեր կապ ունեն մշակույթի հետ, բայց մի քանի նախադասությունը չի բավարարի: Հուսով եմ, առաջիկայում դրանց մասին առանձին հոդվածներ գրել ու ձեզ համար բացահայտել այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ: