aniharutyunyanarm

Այսպես չեն լքում գյուղը

Կարող է թվալ, թե գյուղում ապրողներից շատերը երազում են տեղափոխվել քաղաք, ավելի լավ կլինի՝ մայրաքաղաք, բայց այդպես միայն թվում է առաջին հայացքից։

- Ես կվարտիրայի մեջ չեմ կարա ապրեմ, բա մարդ սեփական հայաթ չունենա՞։ Երբ ուզես` դուրս գաս, հարևաններիդ հետ խոսես, արևին նստես, ամեն դուրս գնալուց չզարդարվես, սիրուն շորեր չհագնես։ Չէ, իմ շունչը կկտրվի։

Այսպես վստահ գյուղը չի ուզում լքել Սարոն։ Հողի հետ կապված մարդու համար բարդ է գնալ ու փակվել քաղաքում, այդպես են մտածում գյուղում։ Տանջանքն այստեղ հատկապես գյուղական գործերով զբաղվող մարդու համար շատ է, ոչ ոք չի հերքում, բայց զարմանալի պնդաճակատությամբ բնության հետ կռվող ու ընկերություն անող մարդիկ չեն ուզում հեռանալ։ Սարոյին Գոհարը՝ կինն է միշտ հակադարձում․

- Է՜, ախր, դու ի՞նչ ես հասկանում, կվարտիրան ձմռանը տաքացնելը հեշտ ա, մի քիչ վառում ես, վերջ, իսկ էս գյուղի մեծ տները առավոտից իրիկուն տաքացնում ես, էդքան փող ես ծախսում, էլի ցուրտ ա։ Հեսա Նարեկին որ ամուսնացրինք, գնալու եմ Երևան, իրանց հետ ապրեմ։

- Ինձ չսպառնաս, է, գնում ես` գնա, ես ստեղից ոչ մի տեղ եկողը չեմ։

Սարոն վեր է կենում արևի հետ ուղղությունը միշտ փոխող փոքրիկ, ինքնաշեն աթոռից, ծանր հոգոց է հանում ու գնում Գևորգենց բակ, որտեղից շինարարության ձայներ են գալիս։ Գևորգն ամբողջ տունը քանդել ու վերանորոգում է, երբեք չի ասել՝ ուզում է գյուղո՞ւմ ապրել, թե՞ գնալ քաղաք, բայց տունը սարքելու գործընթացն ամեն ինչ իր տեղն է գցում։ Գյուղում, երբ հարևաններից որևէ մեկը վերանորոգում է տունը, բոլորն իրենց պարտքն են համարում գնալ, տեսնել՝ ինչ կա-չկա, ինչպես են ընթանում գործերը, օգնել պե՞տք է արդյոք։ Ու այդպես Գևորգենց տան փոքր միջանցքներում ավելի շատ հարևան կա, քան շինարար։

- Բայց էս զալը մեծ ա, ինչի՞ չկտրեցիք, երեխեքին սենյակ կլիներ։ Իսկ էս պատերի գույնը վերջնակա՞ն ա, հա՞, հըմմ…

Խորհրդատուների պակաս Գևորգը չունի, օգնողների էլ։ Լավ չէ, երբ հարևաններդ ու համագյուղացի ընկերներդ կյանքի մեծ մասը Ռուսաստանում են աշխատել, բայց լավ է, երբ կարող ես ցանկացածին զանգել ու խնդրել վերանորոգման ընթացքում որևէ հարցով օգնել։ Ու աշխատանքները վերածվում են տոնի․ առանց Հրաչի թորած տնական օղու սեղան չեն նստում, օրվա կեսից արդեն բոլորի քեֆը լավ է, մի քանիսը երգելով են գործ անում, օրվա ավարտին արդեն սկսվում է ամեն օրվա «ուրախությունով լինի»-ն։ Այդպես են գյուղում տուն վերանորոգում։ Այդպես էլ հանգիստ, առանց ավելորդ խոսքերի գյուղից չեն գնում։ Բայց նաև լավ օրից չէ, որ մարդիկ գնում են գյուղից։ Աշխատանք, ապագա, սեր են փնտրում քաղաքում ու երկրից հեռու։ Իսկ կգտնե՞ն, վստահ չեն, իրենք էլ չգիտեն, բայց գնում են, հույս ունեն։ Կարո՞ղ ես մեղադրել մարդուն արդյոք իր բակն ու մեծ, ձմռանը սառը տունը թողնելու համար, չեմ կարծում։

- Բարի լույս, դե, մի հատ կոֆե տվեք, խմենք, սկսենք էս ներկը, – ամեն առավոտ գալիս է Սամվելը։ Գևորգի մանկության ընկերն է, երիտասարդության տարիներին տան պատերն իրենց ձեռքերով են շարել, այսքան տարի անց հիմա պոկում են իրենց փակցրած պաստառներն ու նոր շունչ տալիս պատերին։ Գևորգն ասում է՝ երանի մեր դեմքի կնճիռներն ու սպիտակ մազերը փոխելն էլ էսքան հեշտ լիներ։

Իրենց ընկերության սենտիմենտալն էր Գևորգը դեռ մանկուց։ Սամվելն էլ կատակասերն է, ասում է` Գև ջան, արի էս ներկից մազերիդ էլ քսեմ, աչքերիդ գույնի հետ կսազի: Գևորգը ներողամտաբար է նայում Սամվելին, որի գլխին կարգին մազ էլ չի մնացել, իրենը գոնե միայն սպիտակել է: Ու օրվա բացվելու հետ կրկին հավաքվում են ընկերներն ու հարևանները, կեսը` օգնելու, մյուս կեսը` Հրաչի օղու համար: Էդպես են գյուղում տուն վերանորոգում ու ցանկացած իրադարձություն կիսում` հարևաններով, ընկերներով, իրար ձեռք մեկնելով, ամեն մեկը խորհուրդ տալու իր պարքը կատարելով:

Էդպես չեն լքում գյուղը Գևորգը, Սարոն ու անգամ տղայի ամուսնանալուն սպասող Գոհարը: