«Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում Ալեններ են ծնվում»

«Գնալ երազանքի հետևից, սիրել և հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ և աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղն ավելի լավն է լինելու»,-մեջբերեց ՀՊՄՀ ռեկտոր  Սրբուհի Գևորգյանը` 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի խոսքերը։

Արցախի Հերոս Ալեն Մարգարյանի 23-րդ տարեդարձը նշվեց հարազատ համալսարանում`փետրվարի 11-ին։

Միջոցառմանը ներկաները ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի բակում տեղադրված  խաչքար-հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, ինչից հետո Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց քանդակագործ  Մկրտիչ Արզումանյանի հեղինակած Ալեն Մարգարյանի կիսանդրին։ Նույն ֆակուլտետի կարմիր դահլիճում էլ շարունակվեց հուշ-միջոցառումը։ Ներկայացվեցին երաժշտական, պարային համարներ` համալսարանի փողային նվագախմբի, «Բերդ» պարային համույթի, հենակետային վարժարանի սաների և երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությամբ։

-Ալենը կրթելու մեծ առաքելություն ուներ և այդ տարիքում հասցրել էր ունենալ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ գրեթե բոլոր ոլորտներում»- խոսեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը` ավելացնելով,- Նա երիտասարդ էր, որը ձգտում ուներ ուսանել և մանկավարժական փորձը փոխանցել: Սա պատահական չէ, քանի որ նա ընտրեց հենց Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը։

Ալեն Մարգարյանի ծննդյան առթիվ  Սրբուհի Գևորգյանը հերոսի  մորը՝  Նազելի Տերտերյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալը։

-Արժևորեց ամենից շատ հայրենիքը, սերը դեպի հայ ժողովուրդը և անսահման անձնուրացությունն էլ դարձավ տխուր, բայց շատ հպարտ վախճան,-որդու մասին խոսեց Նազելի Տերտերյանը,-Սիրում էր կրթվել ու կրթել, հնարավորություն ունենալով` չօգտագործեց, դարձյալ ապացուցելով, որ ինքն ուրիշ է, ինքն այլ արժեհամակարգի կրողն է։

Հերոսի մայրը հպարտությամբ հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներում ամեն օր Ալեններ են ծնվում։

Նազելի Տերտերյանը նաև  խոսեց «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական-կազմակերպության հետագա առաքելության մասին` տեղեկացնելով, որ շուտով կհիմնվի «Ալեն Մարգարյանի» անունը կրող կրթահամալիր, որտեղ սովորելը կլինի պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ, հաճելի ու պատվաբեր։

Խոսեց նաև «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի հեղինակ, ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը։

-Այս գրքի էջերը անվերջ են, ինչպես Ալեն մոլորակը, ինչպես Ալենի երազանքները, սերը։

Արմանը նշեց, որ չնայած գիրքը պատերազմում անմահացած հերոսի վառ հիշատակին է նվիրված, սակայն ոչ պատերազմի մասին է, ոչ մահվան։

-Գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու և որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է,-հավելեց հեղինակը։

Խոսելու և հիշողություններով կիսվելու հնարավորություն ընձեռվեց նաև Ալենի կուրսընկերներից Էլեն Խաչատրյանին։

-Նա մեր մոտիվացիան էր, ոգևորում ու մոտիվացնում էր բոլորիս, անգամ այն ժամանակ, երբ տրամադրություն չունեինք ոչնչի համար։ Ալենը լույս էր, գրկելու մեծ տաղանդ ուներ և իր գրկախառնությամբ կարող էր մոռացնել տալ ցանկացած տխուր պահ։ Գիտեի, որ գալու է մի օր, երբ խոսելու եմ նրա մասին, բայց այն ժամանակ, երբ ֆիլմերից մեկը Օսկար կստանար… Սակայն նա ընտրեց հերոսանալու այլ տարբերակ։

Էլենը խոսքը եզրափակեց.

-Ալենը միշտ ներկա է ու միշտ մեր կողքին։

Հուշ-ցերեկույթի ավարտին ցուցադրվեց հերոսի անցած ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր պանթեոն։

«Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»։