Syuzanna Navasardyan

Խոսք իմ մուսային

Նա ավելին էր, քան այն ամենը, ինչի համար մարդիկ թանգարաններ են շտապում։ Նա, անխոս, սովորեցնելու, հիացնելու շա՛տ արժեքներ ուներ։ Ամենամեծ արժեքը, սակայն, որ և՛ հիացնում, և՛ բարկացնում էր ինձ, համեստությունն էր նրա, անսովոր, երբեմն չափազանց, երբեմն էլ շռայլ համեստությունը։

Ես միշտ կողքից նայում էի իրեն՝ ինչպես գողը կհետևեր իր երանելիին, ինչպես նկարիչը՝ բնորդին, տերևը՝ քամուն: Ես հետևում էի նրա հայացքի երանգներին. երբեմն (իսկ հետո՝ արդեն միշտ) այդ երանգներն ինձ ծանոթ էին լինում, և այդպիսով ես հայացքներ գրկող դարձա։

Հետևում էի աչքերին նրա։ Ես սովորել էի նրան նուրբ ու աննկատ հետևել այնքան, որ երբեմն մտքովս անցնում էր, թե ավելի շատ ուսումնասիրում եմ, քան սիրում։ Դա այն եզակի մտքերից էր, որ այդպես էլ չկշռադատեցի, ճիշտ ու սխալ լինելը (գոնե ինձ համար) չորոշեցի։

Նա անթերի էր երբեմն։ Իսկ հաճախ էլ՝ ոչ։

Պատկերացնում եք՝ ինչքան նման էր ինձ։

Մեկ-մեկ պարզ էր ու հասկանալի այնքան, որ բառեր պետք չէին գալիս։ Երբեմն բարդ ու դժվար էր այնպես, որ չէի հասկանա անգամ այն դեպքում, երբ բացատրեր։ Մենք նման էինք, և դա հրաշալի էր։ Սակայն մեր նմանությունը երբեք չէր ենթադրում կանխատեսելիություն, թե չէ` կյանքն անիմաստ կդառնար կամ որ նույնն է՝պարզ հաշվարկ։ Եվ մենք նման էինք նաև այդ հարցում՝ չէինք սիրում հաշվարկներ, հաշվարկներով չէինք սիրում իրար։

Մեր գլխավոր ու բևեռային տարբերությունը սերն էր։ Չէ, չէ, կներեք. ոչ թե սերը, այլ սիրելը։

Ես (լավ միտք չէր բացասականից սկսելը) քչախոս էի սիրում, հաճախ՝ լուռ, հեռու, շատ հաճախ՝ սառը, մի քիչ չսիրելով զգացմունքներս ցույց տալը։ Ես ժլատ էի սիրում ու պերճախոս։ Ես շատ էի սիրում ու քիչ ցույց տալիս։ Ես շատ էի գրում ու քիչ խոսում այդ մասին։

Նա (դրականը) հեռավորության դեմ էր, քչախոսությանը՝ ևս։ Նա ազնիվ էր։ Ու չնայած իր անսահման համեստությանը, շատ շքեղ, շատ շռայլ էր սիրում։ Երբեմն ինքս ճշտում էի (չհավատալով, որ իմ այս բարդությունը հնարավոր է սիրել), թե դու ինձ իրո՞ք այդպես սիրում ես։ Փոշմանում էի հարցիցս։ Նա չէր սիրում պատասխանել դրան։  Նա ազնիվ էր սիրում։ Իսկ ազնիվ սիրո մեջ հարցեր ու պատասխաններ չկան։

…Արժեր նրա արժեքներն ու որակները որպես օրինակ ցույց տալ մարդկությանը։ Միայն թե… ե՛ս ազնիվ չէի, ես ժլատ էի ու երբեք համաձայն չեղա, որ ուրիշներն իմանան նրան. ուրիշները… ուրիշ լինելու իմաստն էլ հենց այդ էր՝ չը՛ճանաչել նրան…