anahit badalyan (kapan)

Անարդա՜ր է

Այն, որ գրքերը սառը և ապահով բարեկամներ են, Հյուգոն այնքա՜ն ճիշտ է ասել: Բայց գրքերը որքան սառն են, այնքան էլ տաք են ու ջերմ: Ես չափազանց սենտիմենտալ մարդ եմ և սովորաբար սրտիս մոտ եմ ընդունում ամեն փոքր բան, ուստի ուրախ ու տխուր պահեր շատ եմ ունենում, ու հոգիս հաճախ է տակնուվրա լինում այս կամ այն փոքր բաներից: Կախված տրամադրությունից՝ կան մարդիկ, որոնց հետ ինչ-որ պահի չեմ ցանկանում շփվել, կան շարժումներ, որոնք բնորոշ են իմ՝ միայն լավ կամ վատ տրամադրությանը, և կան զբաղմունքներ, որոնք սկսում եմ արժևորել միայն հանգիստ կամ նյարդային պահերին: Այսպիսի բազմազանության մեջ միայն մի բան կա, որն ինձ համար ամեն րոպե նախընտրելի է. գիրքը: Թույլ տվեք Գրքի մասին խոսել իբրև անհատականության, և նրա անունը գրել միայն մեծատառով: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Գիրքը վեր է բոլոր այն հատուկ անուն կրող մարդկանցից, որոնք դժվար պահերին սատար չեն կանգնում, դիմացինին չեն հարգում, մարդու դրության մեջ չեն մտնում ու երբեք չեն կարեկցում: Գիրքն ի զորու է կատարել այս ամենն ու երբեք շահ չհետապնդել: Նա պատրաստ է հայտնվել իմ գրկում, երբ ես լաց եմ լինում, իր նուրբ ու բարակ թերթերի վրա կրել իմ՝ երբեմն հորդ անձրևի կաթիլի ծանրության արցունքները ու էլի մնալ ընթեռնելի: Նա պատրաստ է գիշերել իմ անկողնում՝ բարձիս տակ, սեղանիս վրա, երբեմն՝ փոշոտ գրադարակում, երբեմն էլ՝ նույնիսկ հատակին, բայց երբեք չդժգոհել՝ փափուկ անկողին չունենալու պատճառով: Գիրքը պատրաստ է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կարող են ինձ ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Նա կարող է առաջին հայացքից անշուք թվալ, չգրավել, բայց էջերը թերթելիս սփռել իր տարիների իմաստության հոտը, որն ինձ համար վեր է ամեն տեսակ շքեղությունից: Գիրքը պատրաստ է օգնել ինձ, երբ ես ցանկանում եմ որևէ բան իմանալ: Այն պատրաստ է ծառայել ինձ որպես գիտելիքի աղբյուր, կամ պարզապես՝ անձրևից պաշտպանվելու հարմարանք: Այն ինձ սպասում է գրադարանում, գրախանութում, իմ գրադարակում: Հաճախ ես ուղղակի անտարբերության եմ մատնում Գրքին՝ այն չընթերցելով և անգամ փոշին չսրբելով, բայց նա երբեք չի դադարում լայն ժպիտով ժպտալ ինձ՝ ամեն անգամ նույն տեղից, նույն դիրքով:

Ահա այսքան լավն է իմ հին ու նոր ընկերը: Իսկ դուք, մարդի՛կ, ափսոսում եք այն դարակը, որ գրքերով պիտի լցնեք: Անարդա՜ր է: