marina mkhitaryan shirak

Անգնահատելի հարստություն

Երբ վերջանում է ամառային արձակուրդը, հրաժեշտ տալով մեզ համար ընտանիք դարձած բակին ու մեր ընկերներին՝ գնում էինք այնքան տանջանքներով լի թվացող դպրոցը…

Հիշում եմ՝ տարեսկզբին դասղեկի հետ ունենում էինք «ամփոփենք արձակուրդը» կոչվող փոքրիկ զրույց։ Գրեթե միշտ հարցերը նույնն էին, իսկ իմ պատասխանները երբեք չէին փոխվում։

-Այս տարի լավ հանգստացա՞ք, երեխաներ ջան, ի՞նչ արեցիք, ո՞ւր գնացիք արձակուրդներին,- հարցնում էր դասղեկս։

Դասարանում մեծ աղմուկ էր ստեղծվում, ամեն ոք շտապում էր արագորեն պատմել, թե ընտանիքով որտեղ են անցկացրել ամառային հանգիստը, թե ինչ տեսարժան վայրեր են այցելել, թե քանի երկիր են տեսել… Միայն դժգոհում էին, որ առանց ծնողների թույլտվության և ներկայության իրավունք չունեին շատ հեռուն գնալ։ Լսելով դասընկերներիս պատասխանները՝ մտածում էի, թե ինչքան հարուստ են, որ կարող են իրենց այդպիսի ճոխություն թույլ տալ, կարծում էի, որ հենց դա է իրական հանգիստը և, որ ամենալավ արձակուրդը ծովում լողալն է…

Ինչպես վերը նշեցի՝ հարցերը նույնն էին, և իմ պատասխանը ևս երբեք չէր փոխվում։

Ամառային արձակուրդներին ես միշտ գնում էի գյուղ՝ տատիկիս ու պապիկիս տուն։ Երբ արդեն անցան շատ տարիներ, հասկացա, որ ես ապրել եմ դրախտում։ Վստահ եմ՝ նրանք երբեք իմ նման խենթություններ չեն արել։

Արդյոք պառկե՞լ են նրանք թաց կանաչին, որպեսզի սովորեն աչքերը բաց նայել արևի կիզիչ ճառագայթներին…

Արդյոք քայլե՞լ են բոբիկ ոտքերով տաքությունից այրվող սև հողի վրայով…

Արդյոք բռնե՞լ են բզեզներ և ներարկիչով փորձել ներարկումներ կատարել… Արդյոք վազե՞լ են այնքան հեռուն, որ կարծես չկան արգելքներ ու սահմանափակումներ իրենց դիմաց…

Արդյոք գնացե՞լ են դեղինով օծված ոսկյա դաշտերը, որի ծաղիկների բույրից մարդ խելագարության կհասնի, որոնցից իրենց տատիկը ծաղիկներով լեցուն ծաղկեպսակ կհյուսի… Արդյոք նստե՞լ են գետի եզերքին ու վայելել ձկների աղմկոտ պարը…

Արդյոք վայելե՞լ են առվակի և սոխակի անչափ տպավորիչ դուետը…

Արդյոք պաղ աղբյուրից ջո՞ւր են խմել և հետո ձեռքերով չփչփացրել այդ ջրի մեջ…

Արդյոք ընկերների հետ մտե՞լ են կողքի տատիկի այգին, որ միրգ գողանան…

Արդյոք եղե՞լ են երբևէ կտուրում ու ուկնդրել անձրևի ու տանիքի միալար սիմֆոնիայի նվագակցությունը…

Ոչ, նրանք երբեք չեն տեսել այսպիսի գույնզգույն ու պատկերավոր շնչավոր բնություն, նրանք երբեք չեն պարզաբանել այս հեքիաթային գաղտնիքները։

Եվ վերջապես, այս ամենն իզուր չի անցել, սա էլ իր էական նշանակությունն ունեցավ իմ երազների աշխարհում։ Հենց գյուղում՝ երկու խնձորենիների մեջտեղում՝ ճոճանակին նստած գրքեր էի կարդում, բնության նկարագրություններն էլ ավելի լավ ընկալում, գրում էի բանաստեղծություններ, ոգեշնչվում կյանքի հանդեպ ունեցած անսահման սիրով։ Աշխարհագրական դիրքը, շրջապատող իրականությունն իր հստակ ու խորը ազդեցությունն ունեցավ իմ անհատականության ձևավորման վրա։

Իսկ այժմ հասկանում եմ, որ հարստությունը մարդու ներսից է, որ եթե մարդ ցանկանա, ամենահասարակ բաներում էլ երջանկություն, կարևորություն և հարստություն կգտնի։ Հավատացեք, ես նման դրախտային գույներով չէի նկարագրի բարձր ու լուսավոր քաղաները, և թեկուզ ամենատպավորիչ երկիրը, որ ես երբևէ կտեսնեմ։ Ինչի մեջ, որ ուզում ես առաքինին, վսեմը, լավը տեսնել, Աստծո աչքերով նայիր, քանզի հենց Տերն է այս ամենը կերտողը, արարողը և նման բնության մեջ բարությունը տարածողը։

Հիմա ո՞վ է հարուստը՝ ե՞ս, թե՞ մյուսները…