meri gevorgyan portret

Անընդհատ նվազող դասարանը

Ծը~լնգ, ու էլի հնչեց դասի զանգը, ու մենք բոլորով նստեցինք դասի:

-Ո՞ւր են աշակերտները,- ներս մտնելով հարցրեց ընկեր Պողոսյանը:

Բոլորս լուռ նստած նայում էինք նրա դեմքին:

-Լավ, փաստորեն բացականեր ունեք, այսօր չենք գրի թեմատիկ աշխատանք, իսկ ովքե՞ր են բացակա:

Ես միանգամից տեղիցս վեր թռա:

-Ուրեմն ասեմ, ընկեր Պողոսյան, երբ 5-րդ դասարանում էինք, մեր շատ սիրելի Արթուրի ընտանիքը որոշեց մեկնել Ռուսաստան, որովհետև գյուղում աշխատանք չկար, և նրանք չէին կարող ապրել այդ պայմաններում: Մենք շատ լաց եղանք, Արթուրն էլ չէր ուզում գնալ:

6-րդ դասարանում Դավիթի ընտանիքը որոշեց հեռանալ գյուղից, նույնպես աշխատանք չունենալու պատճառով: Մենք էլի լաց եղանք, Դավիթն էլ չէր ուզում գնալ:

7-րդ դասարանում գյուղից հեռացան Բաբիկենց և Սառայենց ընտանիքները, նրանց խնդիրն էլ էր դա: Մենք շատ երկար չէինք հաշտում նրանց հեռանալու մտքի հետ:

Ու անպայման ուզում եմ ասել, որ մենք շատ արագ նվազող դասարան ենք, բայց դեռ 9-րդ դասարանում ենք: Մինչև հասնենք 12-րդ դասարան, էլ աշակերտ չի մնա, ու դուք նույնպես ստիպված կլինեք լքելու գյուղը` «աշխատանք չունենալու պատճառով»:

Ընկեր Պողոսյանը զարմացած ու տխուր նայեց մեզ: Բոլորս լուռ էինք:

-Այսօր թեմատիկ աշխատանք չենք գրի…