Անհասցե նամակ

IMG_4831Բարև պապիկ,

Որոշեցի այս անգամ այսպես խոսել քեզ հետ: Կարծում եմ, դեմ չես լինի:

Պապ, ինչո՞ւ այդքան շուտ հեռացար ինձնից: Ես երկու տարեկան էի, բայց արդեն հասցրել էի քեզ անսահման սիրել: Ասում են՝ դու ամենալավ ժամագործն ես եղել: Գիտե՞ս, ինչքան եմ ցավում, որ քեզ հիշում եմ միայն պատմությունների միջոցով: Սիրում եմ բոլոր այն պատմությունները, որոնց հերոսները մենք ենք` ես ու դու: Գիտե՞ս որն եմ ամենից շատ սիրում, այն մեկը, երբ ես փոքր էի ու բառերը չէի կարողանում ճիշտ ասել ու պաղպաղակին «մալոժիկ» էի ասում: Ու մի օր եկել եմ, կանգնել քո արհեստանոցի մոտ ու ասել. «Պապի՜, մալոժիկ», իսկ դու թողել ես բոլոր գործերդ, ձեռքս բռնել, ու միասին գնացել ենք «մալոժիկ» առնելու: Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում, որ հիմա էլ ձեռքս բռնես ու միասին գնանք զբոսնելու, անընդհատ զրուցենք. դու ինձ քո անցած-գնացած պատմությունները պատմես: Չգիտեմ ինչից է, բայց բոլոր այն պահերին, երբ ես քո կարիքն եմ ունենում՝ կողքիս զգում եմ քեզ: Ամեն անգամ քո նկարները տեսնելուց երկար նայում եմ քո ժպիտին, քո բարի ժպիտին, այնքան կյանք կար այդ ժպիտի մեջ, ցավում եմ, որ իմ աչքերը չեն կարողացել այն դաջել իմ հիշողության մեջ:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ասում են՝ ես ու դու իրար շատ նման ենք արտաքինով, համ էլ բնավորությամբ:

-Որտեղ երաժշտություն և ուրախություն, այնտեղ՝ պապիկդ, անընդհատ ուրախ էր, ժպիտը դեմքին:

Պապ, ես զգում եմ, թե ինչքան ես սիրում ինձ, իսկ իմ սերը տեսնես քեզ հասնո՞ւմ է: Դու իմ կյանքի ամենամեծ ու կարևոր կորուստն ես: Ես եղբորս միշտ պատմում եմ քո մասին: Դե նա քեզ չի տեսել, շատ փոքր է: Այնքան եմ նկարներով ցույց տվել, որ առանց ինձ էլ նա արդեն գտնում է քեզ նկարներում: Ամեն անգամ քո մասին ինչ-որ մեկին պատմելուց հուզվում եմ, աչքերս արցունքոտվում են, բայց ժպիտով եմ խոսում քո մասին:

Պապիկ, ուզում եմ բոլորն իմանան քո մասին, որ իմ Հովհաննես պապիկը ամենա-ամենա լավն է: Ուզում եմ իմանաս, որ քեզ անսահման սիրում եմ: