Ապրող արվեստը

Հարցազրույց ավազե դիմանկարիչ (սենդ-արտ ոճ) Քրիստինա Ղազարյանի հետ:

-Բարև Քրիստինա, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Քրիստինան եմ, 33 տարեկան, ծնվել եմ Ջավախքում: Դպրոցին զուգահեռ սովորել եմ մանկական արվեստի դպրոցում 5 տարի: Ավարտելուց հետո ընդունվել եմ Վրաստանի պետական համալսարան, ստացել եմ մագիստրոսի կոչում, տեղափոխվել եմ Հայաստան՝ Երևան: Վերջին 9 տարիների ընթացքում ապրում և ստեղծագործում եմ Հայաստանում:

-Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել ավազե դիմանկարչությամբ: Ինքնո՞ւս ես, թե՞ սովորել ես այդ մասնագիտությունը: 

-Ավազի հետ ծանոթացա 7 տարի առաջ, բայց հենց դիմանկարով սկսեցի զբաղվել վերջին 3 տարիների ընթացքում: Զգալով ավազի նրբությունը՝ հասկացա, որ կարելի է ստանալ շատ գեղեցիկ և անսովոր դիմանկարներ, սկսեցի ինքս փորձել սովորել նկարել դեմքեր: Այդպես գտա ինձ համար նոր ուղղություն իմ արվեստի մեջ:

-Շատ տարիներ հայրենիքից հեռու ես գտնվել ու գործունեությունդ ծավալել Վրաստանում: Գալով Հայաստան՝ ի՞նչ ես զգում, արդյոք ստեղծագործական կյանքումդ փոփոխություններ եղան: 

-Իհարկե, Ջավախքը միշտ էլ կմնա իմ հայրենիքը, իմ սրտում և հոգում, բայց երբ տեղափոխվեցի Հայաստան, ես հոգեպես հանգստացա: Ես իմ ազգի մեջ եմ, չզգացի երկրից երկիր տեղափոխություն, ինձ Երևանն ընդունեց հարազատի պես:

-Վերջին ժամանակներում ավազե նկարչությունը կարծես թե զիջում է իր տեղը մնացածին, օգտագործվում են նոր գույներ, նոր ներկեր, արդեն նոր տեխնոլոգիաներով է կատարվում այդ ամենը: Ի՞նչ կասես՝ պահանջարկ կա՞ ավազե դիմանկարների: 

-Ամեն արվեստ ունի իր տեղը և իր երկրպագուն: Ասեմ ավելին՝ եթե համեմատեմ՝ հիմա և մի քանի տարի առաջ, շատ մեծ տարբերություն եմ նկատում: Հիմա ամեն օր ստանում եմ պատվերներ, կան այս արվեստը սովորել ցանկացողներ: Դա նշանակում է, որ ամեն արվեստի մեջ պետք է լինի որակ. այդ դեպքում ոչ մի մրցակցություն և տեխնոլոգիա չի կարող խոչընդոտել արվեստի նոր ուղղությանը:

-Ցուցահանդես ունեցե՞լ ես:

-Դեռ ոչ, բայց մտածում եմ այդ ուղղությամբ:

-Հետագա ի՞նչ պլաններ ունես, կշարունակե՞ս Հայաստանում նկարել, թե՞ կմեկնես Ջավախք: 

-Պլանավորում եմ այս արվեստը ավելի հանրային դարձնել, հասնել ավելիին իմ ոլորտում, իհարկե, ես Ջավախքից կտրված չեմ և ունեմ նաև պլաններ՝ կապված Ջավախքի հետ: