Անձրևների, տարեվերջի ու շտապող ժամանակի մասին

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Մի քիչ էլ, ու այս գարունն էլ կանցնի պատմության գիրկը: Օրերը, շաբաթները, տարիները հերթափոխում են իրար: Առաջ գոնե հասցնում էի այդ ընթացքի մեջ գլուխս բարձրացնել ու ֆիքսել տարեթիվը, հիմա անհնար է: Առաջ բոլոր օրերը իրար շատ էին նման, իսկ հիմա շատ են տարբեր:

Անձրև եկավ: Արդեն ամառը սկսվում է, բայց մենք մի խոնավ ջրափոսի ենք նման: Ուզում եմ առանց անձրևանոցի անտանելի ծանրության ման գալ, հաստ վերմակը փոխել բարակի, պատուհանը գիշերը բաց թողնել, ձմեռային հագուստները խցկել պահարանի խորքերը, ուզում եմ, բայց չեմ համարձակվում:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Ուսումնական տարին վերջանում է, հավանաբար լիքը ազատ ժամանակ կունենամ ու էլ տարբեր գործերը հետաձգելու համար «ժամանակ չունեմ»-ը պատճառաբանություն չի լինի: Լավ կլինի նաև, որ սկսեմ էլի շատ կարդալ, թե չէ՝ արդեն հինգից վեց գիրք սկսել ու այդպես էլ չեմ վերջացրել:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Կարդում եմ բոլորի նյութերը, ընկերներիս լուսանկարներն եմ նայում: Ուզում եմ Սյունիքում ապրել, սահմանմերձ գյուղում, Շրի Լանկայում, Գրենլանդիայի հարավային ափերին, ես ամեն տեղ եմ ուզում ապրել: Անձրևի ժամանակ, ավելի քան երբևէ, հասկանում եմ, որ տնից լավ տեղ չկա ու նաև, հնարավոր չէ ունենալ մեկ սիրելի երգ ամբողջ կյանքի ընթացքում:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Գիտե՞ք ինչու եմ մայիսը սիրում, որովհետև մայիսին գիտես, որ քեզ մի նոր, լավ բան է սպասվում`ամառը, գիտես նաև, որ մի վատ բան արդեն անցել է: Միայն մայիսին է ժամանակը հաճելի ու տանելի թվում, մնացած բոլոր ամիսներին այն կամ շատ արագ է կամ շատ դանդաղ: