Կակտուս լինե՞լ, թե՞ չլինել. այս է խնդիրը

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Կակտուսների մասին երևի հոդված չկա 17.am-ում։ Քչերն են սիրում փշոտ բույսերը, որոնք հազվադեպ են ծաղկում։ Սիրում են կամ իմ նման ալարկոտները, որովհետև կակտուսներին հաճախ ջրել պետք չէ, կամ էլ համակարգչի մոտ, սեղանի մի անկյունում որպես զարդարանք օգտագործողները։ Մեղադրելու չէ, այնքան ծաղիկներ կան, որ տեսնում ես ու տեսքից ու բույրից հալվում, ուզում ես անընդհատ շնչել բույրը, բայց դե նրանք էլ շուտ թոշնում են, կամ կարծես բույրն էլ առաջվանը չի լինում։

Կակտուսները սկզբում վանող են և նրանց մեջ հետաքրքրություն, ուր մնաց՝ գեղեցկություն, գտնելը դժվար է ։ Բայց հոգատար վերաբերմունքից կակտուսները կարող են նաև ծաղկել, և այդ ժամանակ նրանք իրոք ուրիշ են։ Նրանց փշերը այլևս այնքան սարսափելի չեն թվում, որքան առաջ, իսկ ծաղիկների վառ գույնը, մոռացնել է տալիս այն միապաղաղ տպավորությունը, որ կարող էր թողնել ցողունի կանաչը։

Չգիտեմ, ինձ ինչն է գրավում կակտուսների մեջ, բայց հաճախ նոր վայրում առաջինը, որ նկատում եմ, ինչ-որ անկյունում դրված կակտուսներն են։ Այս լուսանկարի կակտուսներին գտա հագուստի խանութում, որտեղ ավելի հետաքրքիր ուրիշ ոչինչ չգտա։

Գրածս ուղղակի մտքեր են կակտուսների մասին, մարդկանց հետ կապ չունեն, միայն այնքանով, որ երբեմն ինձ կակտուս եմ զգում, բայց ո՞ւմ հետ չի պատահում։ Այնպես չէ՞: