Անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ

Այս պատերազմի ընթացքում քաջաբար զոհվել է Հովիկ Վերանյանը։ Հովիկը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13- ին։ Գագարին գյուղի խիզախ հայորդին, ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել է քաղաք Սևանի բազմագործառության պետական քոլեջ, ծրագրավորման բաժին։ Դեռ 6 ամիս կար, որպեսզի ավարտեր քոլեջը, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ։

Հովիկի եղբորը՝ Հայկին, խնդրեցի պատմել եղբոր մասին։

- Հովս ինձ միշտ շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս, եթե մի բան սխալ էի անում, ինչպես նախատում, այնպես էլ հանգիստ բացատրում էր։ Կռվի ժամանակ եղել է Հադրութում, երբ խոսում էի հետը, իր հանգիստ տոնից ես էլ էի հանգստանում։ Հիշում եմ մի անգամ, երբ հարցրի` Հով, ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասաց, թե` ծիտ եմ կրակում (կատակում էր, իրականում խոսքը անօդաչու թռչող սարքերի մասին էր): Հարցրի` հեչ խփե՞լ ես, ասաց` հա՜, էն էլ ինչքան։ Հոկտեմբերի 21-ին Դրախտիկ գյուղից տեղափոխվելու ճանապարհին թշնամին հարձակվել է և սկսել իրենց ուղղությամբ կրակել։ Դիմացից ընթացող երկու մեքենաները հաղթահարել են շրջափակումը ու առաջ անցել, իսկ այն մեքենան, որի մեջ Հովիկն է եղել, չի կարողացել դուրս գալ շրջափակումից։ Մեքենայի մեջ եղել է 5 հոգի։ Բոլորն էլ զոհվել են։

Հերոսի եղբայրը պատմեց նաև, որ երբ դեպքը տեղի է ունեցել, ընտանիքի անդամներին ասել են, որ վիրավոր է, սակայն հունվարի 12-ին  տեղի ունեցավ Հովիկի հոգեհանգստի արարողությունը, իսկ նախքան այդ ընտանիքի անդամները սպասում էին վիրավոր զինվորի վերադարձին և պատրաստություններ էին տեսնում, որպեսզի այլ առիթով, ուրիշ սրահում հավաքվեին՝ ուրախանալու…

Հովիկի մասին վառ հիշողություններով կիսվեց նաև իր դասընկերուհին՝ Լուսինեն:

-Հովիկին գիտեմ դեռ մանկուց։ Միասին հաճախել ենք միևնույն մանկապարտեզը, այնուհետև նաև դպրոց։ Շատ վառ ու խենթ հիշողություններ ունեմ՝ կապված Հովիկի հետ։ Անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ կողքիս ապագա հերոս է նստած։ Հիմա այնքան դժվար է հավատալ, որ էլ իրեն չեմ տեսնելու։ Ինքը ուրիշ էր, իրոք, ուրիշ։ Անգամ ծառայության ժամանակ տոն օրերին, միշտ ժամանակ էր գտնում շնորհավորելու ու մանրամասն հարցնելու՝ ո՞նց եմ, դասերս ո՞նց են, ինչո՞վ եմ զբաղված։ Նա չի մահացել, իրոք, չի մահացել։ Հակառակը` անմահացել է։ Շատ մեծ է բացը Հովի՝ մեր կյանքում, դասարանի աղջիկներով շատ կապված էինք իր հետ, որովհետև շատ ընկերական էր, հոգատար։ Հպարտ եմ` նման խիզախ ու լավ եղբայր ունենալու համար։

Դպրոցում Հովիկը իր խելացիությամբ և լավ վարքով առանձնացել է մյուսներից, այս մասին խոսեց Հովիկի դասղեկը՝ Աննա Սիմոնյանը:

-Հովիկը խելացի էր, հարգալից թե՛ ուսուցիչների, թե՛ ընկերների հանդեպ։ Բոլորին հասկանում էր կես խոսքից, կամ ընդամենը հայացքից։ Մեծ հարգանք էր վայելում ընկերների շրջապատում, բարի էր ու պատրաստակամ։ Քաջ էր ու համարձակ, սակայն այս ամենով հանդերձ, շատ համեստ էր։ Ամեն ինչ անում էր մեծ նվիրումով և այդ նվիրումով էլ իր ծաղկուն կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին։ Աննկարագրելի էր Հովիկի կորստյան ցավը, սփոփանք է միայն այն, որ անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ։ Բոլորիս կողմից սիրված, ազնիվ և համեստ մեր Հովիկը, մեր լուսավոր հերոսը հավերժ զինվորագրվեց Աստծո բանակին։ Հովիկ ջան, տղաս, խրոխտ հայորդի, բոլորիս սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո առաքինի կերպարով և քո անմահ սխրանքով։

Այս պատերազմում շատերը հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանք չմահացան, այլ անմահացան, իսկ անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության, որի մասին խոսվելու է այսօր, վաղը և հավիտյան։