Աննան

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

Լուսանկարը` Տաթև Աղազարյանի

«Որքան, որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է»:

Լառոշֆուկո

Եվ ես այդ հազվադեպների շարքն եմ լրացնում: ՉԷ, չէ, խոսքն իսկական ընկերության մասին է: Ես գտել իմ Աննային, ում զրո ամբողջ մեկի հարյուր հազարերորդական տոկոս անգամ չեմ նախանձում և համոզված եմ, որ նա նույնպես: Պատմեմ Աննայի մասին: Դե, երևի նկարից տեսաք, որ Աննան ունի գանգուր մազեր, որոնց համար ես խելագարվում եմ: Աննայի օրը շա՜տ ծանրաբեռնված է՝ դասերից հետո հաճախում է տարբեր խմբակների, գալիս է Երևան` Թումո կենտրոն, որտեղ ստեղծում է շարժական գրաֆիկներ, անիմացիաներ, 3d մոդելավորում, զբաղվում լուսանկարչությամբև այլն, դպրոցում Աշակերտական խորհրդի տեղեկատվական հանձնախմբի նախագահն է, որտեղ կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ և տեղեկացնում աշակերտներին կատարվելիք միջոցառումների մասին: Բայց, ցավոք, ընկերուհիս այս ամենն անում է իր առողջության հաշվին: Աննան եղել է բուսակեր, իսկ հետո դարձել մեր նման «գազանիկ», քանի որ առողջության հետ խնդիրներ էին առաջանում: Նա սիրում է փորձել իր կամքի ուժը և փորձություններ նախաձեռնել իր օրգանիզմի համար:

Աննայի մանկությունը լի է եղել փորձություններով, բայց նրա մոր շնորհիվ ամեն ինչ հարթվել է: Աննան իր հույզերն արտահայտում է նկարչության, երաժշտության և ստեղծագործելու միջոցով:

«Աննա, մի հատ իրական թվի ռացիոնալ ցուցիչով աստիճանները կբացատրե՞ս», կամ էլ` «Ան, ատոմի բաժանելիության էն երեք սկզբունքները բացատրի, էլի», ու Աննան բոլոր խնդրանքներին պատասխանում է ՝ «Հա, իհարկե, հիմա կբացատրեմ»:

Մի բանի համար եմ տխրում, որ Աննան ինքնավստահ չի: Ինչքան է եղել` ասել է. «Ես էս քննությանը հաստատ վեցից բարձր չեմ ստանա», ու եկել ասել է, որ տասը է ստացել:

Աննա ունի մի հետաքրքիր բնավորության գիծ: Ուրեմն, երբ ընկերուհիներով գաղտնի մի բան ենք զրուցում, ասում է. «Աղջիկներ, կամաց խոսեք, կլսվի, բարձր մի ասեք անուն», այն դեպքում, երբ մեր շուրջը օտար մարդ չկա: Ու ես էլ նրան պատասխանում եմ. «Ան, հո ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում չե՞նք ապրում, որ մի բառ` ու ձերբակալում: Հանգիստ, սա 21-րդ՝ խոսքի ազատության դարն է»:

Ահա և Աննան՝ բազմակողմանի զարգացած մի մարդ, ով ընկերությունը երբեք չի հանգեցնում օգուտի: