maya harutyunyan

Անցած ձմեռ

Անցավ նաև այս ձմեռը` մեկը այն ցրտաշունչ ձմեռներից, որոնք իրենց հետ բերում են լավ հուշեր: Բայց այս մեկը, չգիտեմ՝ ինչու, ավելի լավ հուշեր բերեց: Այս ձմեռն ամեն ինչով տարբերվում էր մյուսներից: Տարբերվում էր իր գեղեցկությամբ, որով պատվել էր իմ Կոթի գյուղը: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ խաղալու ընթացքում ձյունը դիպչում էր մեզնից մեկի երեսին, սկսում էր լացել: Այս ձմեռ ամեն ինչ ուրիշ էր, ամեն բան փոխվել էր, նաև՝ խաղի ձևը: Գուցե արդեն մեծ ենք, դրա համար էլ խաղալու ժամանակ ամեն մի չնչին բանից չենք լացում: Այս տարի ձյունն էլ էր համեմատաբար ավելի շատ եկել, այնքան շատ, որ ամբողջ դպրոցի բակը պատված էր ձյունով: 

Ճիշտ է, շատ էինք նկատողություններ ստանում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, միևնույնն է, ամեն դասամիջոցի դուրս էինք գալիս խաղալու: Երբեմն այնպես էինք տարվում խաղով, որ նույնիսկ զանգի ձայնը չէինք լսում: Մի անգամ դպրոցի պահակը որոշել էր, որ ոչ մեկիս չպետք է դուրս թողնի: Իսկ մենք երեխաներով ուրիշ բան մտածեցինք. դե, եթե մի բան ենք դնում մտքներիս, պետք է անպայման անենք: Որոշեցինք մյուս մուտքով դուրս գալ: Դե, բնականաբար, իրագործեցինք մեր «հանճարեղ» միտքը: Զանգը հնչեց և բոլորս գնացինք դպրոցի մուտքի մոտ, հիմա էլ չէին թողնում, որ ներս մտնենք: Մեզ էլ առիթ էր պետք դասից փախչելու և խաղը շարունակելու համար:
Սիրում եմ եղանակների անփոփոխ, բայց փոփոխական կրկնությունը: