Մայա Հարությունյանի բոլոր հրապարակումները

maya harutyunyan

Անցած ձմեռ

Անցավ նաև այս ձմեռը` մեկը այն ցրտաշունչ ձմեռներից, որոնք իրենց հետ բերում են լավ հուշեր: Բայց այս մեկը, չգիտեմ՝ ինչու, ավելի լավ հուշեր բերեց: Այս ձմեռն ամեն ինչով տարբերվում էր մյուսներից: Տարբերվում էր իր գեղեցկությամբ, որով պատվել էր իմ Կոթի գյուղը: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ խաղալու ընթացքում ձյունը դիպչում էր մեզնից մեկի երեսին, սկսում էր լացել: Այս ձմեռ ամեն ինչ ուրիշ էր, ամեն բան փոխվել էր, նաև՝ խաղի ձևը: Գուցե արդեն մեծ ենք, դրա համար էլ խաղալու ժամանակ ամեն մի չնչին բանից չենք լացում: Այս տարի ձյունն էլ էր համեմատաբար ավելի շատ եկել, այնքան շատ, որ ամբողջ դպրոցի բակը պատված էր ձյունով: 

Ճիշտ է, շատ էինք նկատողություններ ստանում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, միևնույնն է, ամեն դասամիջոցի դուրս էինք գալիս խաղալու: Երբեմն այնպես էինք տարվում խաղով, որ նույնիսկ զանգի ձայնը չէինք լսում: Մի անգամ դպրոցի պահակը որոշել էր, որ ոչ մեկիս չպետք է դուրս թողնի: Իսկ մենք երեխաներով ուրիշ բան մտածեցինք. դե, եթե մի բան ենք դնում մտքներիս, պետք է անպայման անենք: Որոշեցինք մյուս մուտքով դուրս գալ: Դե, բնականաբար, իրագործեցինք մեր «հանճարեղ» միտքը: Զանգը հնչեց և բոլորս գնացինք դպրոցի մուտքի մոտ, հիմա էլ չէին թողնում, որ ներս մտնենք: Մեզ էլ առիթ էր պետք դասից փախչելու և խաղը շարունակելու համար:
Սիրում եմ եղանակների անփոփոխ, բայց փոփոխական կրկնությունը:

maya harutyunyan

Կողպված դռները էլի բացվելու են

Իմ համայնքը` Կոթին, տարբերվում է իր գեղեցիկ բնությամբ և իր քաջ ու սահմանապահ բնակիչներով: Եթե փորձենք ձևաբանորեն վերլուծել, կարող ենք ասել, որ համայնք բառը հասարակ, իրանիշ գոյական է: Բայց գոյական լինելը երևի այդ բառի ամենանվազ հատկանիշն է: Համայնքն ինձ համար ձևաբանորեն վերլուծություն ունի, բայց երևի բառերով չկարողանամ նկարագրել, թե ինչ է ամեն անգամ կատարվում ներսումս համայնք բառը, համայնքիս անունը լսելիս: Ու երևի համարձակվեմ շեղվել ձևաբանական կանոններից, ասելով, որ համայնք բառն ամենևին էլ հասարակ գոյական չէ: Այն հատուկ է, համենայն դեպս ինձ համար՝ ամենահատուկը: Աշխարհում չի կարող լինել գեթ մեկը, ով սրտի խորքում գոնե մի քիչ սեր չունենա պահված իր համայնքի համար: Բոլորս էլ անկախ ամեն ինչից սիրում ենք մեր համայնքը, սիրում ենք մի ուրիշ սիրով, անկախ նրանից այն լա՞վն է, թե՞ ոչ: Բոլոր համայնքներում էլ կան լավ ու վատ կողմեր: Սիրում եմ Կոթիիս անկրկնելի բնությունը, բարի բնակիչներին, ժպտուն աչուկներով փոքրիկներին ու առհասարակ, սիրում իմ համայնքը իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: 

Միակ բանը, որ չեմ սիրում իմ համայնքում, բնակչության օր օրի պակասող թիվն է: Երևի հեռացողներն իրենք էլ դա չեն սիրում: Իսկ այդ քայլին գնում են կարիքից դրդված, գուցե լավ ապագայի հույսո՞վ: Ինչ-որ տեղ նրանց էլ կարելի է հասկանալ: Աշխատատեղեր չկան, իսկ ընտանիքը պահել է պետք: Մարդիկ հեռանում են, ծանր կողպեքներ դնելով տան դռներին, երբեմն՝ ընդմիշտ: Ու գուցե նրանք ընդմիշտ կորցնում են այն սերն ու քնքշանքը, որ պարուրում են իրենց հոգիները հարազատ համայնքում:

Ուզում եմ, մի օր բոլոր հեռացածներին տեսնել ծանր կողպեքները դռների վրայից հանելիս, ժպտալ նրանց ու հիշեցնել, որ ամեն ինչ լավ է լինում, երբ հավատում ես դրան: Ես հավատում եմ, որ կողպված դռներն էլի բացվելու են…

Սևան մեդիա ճամբար. Փիքսիլեյշն. դժվար, բայց հետաքրքիր

Արդեն որոշել էինք փիքսիլեյշնի գաղափարը և պատրաստվում էինք նկարել: Գաղափարների քննարկման ժամանակ, երբ որոշում էինք, թե ինչ ենք նկարելու մեր առաջարկներից ոչ մեկը հնարավոր չէր նկարել, որովհետև հյուրանոցում չկային բավարար պայմաններ: Իսկ դրսում եղանակային պայմանները թույլ չէին տալիս  նկարել ամենը, ինչ կանցներ մեր մտքով: Բայց երկար քննարկուներից հետո, վերջպես որոշեցինք, թե ինչ ենք նկարելու եւ ինչպես։ Մեզ այդ ամեն ինչում օգնում էր Սիսակը, ով ուներ վառ երևակայություն և հետաքրքիր լուծումներ էր առաջարկում: Նկարահանումներն  այդքան էլ հեշտ չէին, Հակոբի երեւի հեշտ չէր Նվերին ձեռքերի վրա բարձրացրած պահելը: Դժվար էր հատակին պառկելը ու, մի խոսքով, շատ բաներ կային, որ այդքան էլ հետաքրքիր չէր: Սիսակը ասաց, որ յուրաքանչյուր վերջնական ֆիլմի 1 վայրկյանը իր մեջ պետք է պարունակի  24 ֆոտո, որպեսզի դիտողը ընկալի կատարվողը: Սկզբից վախեցանք, բայց հետո, երբ նայեցինք նախորդ ճամբարների ընթացքում նկարված փիքսիլեյշնները, ոգևորվեցինք և սկսեցինք ավելի աշխույժ աշխատել: Երբ ստիպված էինք մի քանի անգամ տարբեր դիրքեր ընդունել, որ կադր առ կադր նկարենք մի որեւէ շարժում, հոգնում էինք: Չնայած՝ նկարահանումները այնքան հետաքրքիր էին անցնում, որ չէինք էլ հասցնում ուշադրություն դարձնել այդ ամենի վրա: Ինձ թվում է, ինչքան էլ հիմա գրեմ, մեկ է, չեմ կարող այնպես գրել, որ նկարագրեմ ամեն ինչ այնպես, ինչպես եղել է: Բայց ասեմ, որ նկարահանումներն անցան այնքան լավ ու հետաքրքիր, որ նույնիսկ չէինք ուզում դրանք վերջանային:

Հիմա նկարել ենք ֆիլմի մեծ մասը, մնացածն էլ կնկարենք ու հետո կստանանք մի զվաճալի ֆիլմ, որը հաճույքով կդիտենք ճամբարից հետո՝ հիշելով մեր նկարահանումները: Իսկ հաջորդ ճամբարներին մյուսները կնայեն մեր ֆիլմը ու կտեսնեն նկարելու ողջ հմայքը, ինչպես և մենք հասկացանք` մյուսների փիքսիլեյշնները նայելուց հետո…

maya harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Դե՛, Սևա՛ն, սպասիր…

Նստած նկարչություն էի անում, ու հանկարծ Սոնիկ տատի հեռախոսին զանգ եկավ: Սոնիկ տատը իմ տատիկի քույրն է, բայց նրան սիրում եմ հարազատ տատիկիս նման: Նա էլ է մեր գյուղում` Կոթիում ապրում: Այդ օրը ես նրա մոտ էի մնալու: Մի խոսքով, շատ չշեղվեմ ու անցնեմ բուն թեմային: Հա՜, ու հանկարծ հեռախոսին զանգ է գալիս: Քույրս էր` Սերինեն: Հարցնում է, թե ինչո՞ւ հեռախոսս հետս չեմ վերցրել, հետո հարցնում է թուղթ ու գրիչ տարե՞լ եմ, թե՞ ոչ: Այդ ամենը ինձ տարօրինակ էր թվում: Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե քույրս գժվել է: Հետո ասաց, որ ինձ լավ լուր ունի հայտնելու: Ուրախ-ուրախ հարցրեցի, թե ինչ է պատահել: Սկսեց տանջել, անընդհատ ձգձգում էր: Այնպես, ինչպես ֆիլմ նայելու ժամանակ ամենահետաքրքիր պահը ցույց տալիս, կամ, մրցույթների ժամանակ հաղթողի անունը հայտարարելիս: Ու հետո երկար ժամանակ ձգձգում էր, մինչև ես բարկացա ու նրա վրա գոռացի: Այդ պահին իմ կողքին էին Սոնիկ տատը և նրա ընկերուհին: Ի տխրություն ինձ, նրանք պաշտպանում էին քրոջս ու ասում: 

-Բա մեծ քվոր հետ դհե՞ են խոսըմ, աղջի:
Իսկ ինձ լրիվ ուրիշ բան էր թվում, մտածում էի, որ կտեսնեն` շատ եմ բարկանում ու կհարցնեն. «Էդ խի՞ ես ջղայնանըմ, աղջիկ ջեն»: Ու այսպես կսկսեն ինձ պաշտպանել, բայց փաստորեն լրիվ հակառակն էր:

Քույրս վերջապես ասում էր, թե որն է այդ լավ լուրը, բայց ձայնը չէր լսվում: Երկրորդ անգամ հարցրեցի նրան, ու այս անգամ ամեն ինչ լավ էր: Եվ այսպես, բազում տանջանքների ենթարկելուց հետո վերջապես իմացա:

-Այզիզ, մի քիչ առաջ Լիլիթն էր զանգել «Մանանայից», ասում էր, որ քեզ ընտրել են Պատանի թղթակիցների աշնանային ճամբարին մասնակցելու համար: Հա, ու ամենակարևոր գործն արել եմ, պապային համոզել եմ:

Պապային համոզել ենք, վե՜րջ… Դե՛, Սևա՛ն, սպասիր…

maya harutyunyan

Արի` շլակեմ, սիրունս

Երբեք չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես խաբեցի հորեղբորս, ձևացնելով, իբր քնած եմ:

Երևի 5-6 տարեկան կլինեի, սարում էի, երբ ես ու հորեղբայրս ոտքով գնում էինք մոտիկ ուրթերից մեկը, ճանապարհը քարքարոտ էր, հորեղբարս ասաց.

-Սիրունս, արի` շլակեմ, որ քարերը ոտներդ ցվացնեն ոչ:

Նա ինձ միշտ ասում էր «սիրունս », երբեմն էլ՝ «բողոճ»: Դե իհարկե, ես չհրաժարվեցի այդ հաճույքից: Մենք տեղ հասանք, մի քիչ մնացինք: Երբ արդեն հետ էինք գալիս, նա այդ քարքարոտ ճանապարհում կրկին ինձ առաջարկեց, որ շալակի, և ես նորից չհրաժարվեցի: Երբ արդեն անցել էինք ադ քարերը, հորեղբարս հարցրեց.

-Վեր չես գալի՞, սիրունս:

Ես ձևացրեցի, իբր քնած եմ, ինձ մինչև վերջ շալակած տարավ: Հասանք տուն, սկսեցի ծիծաղել: Հետո՝ այդ «քնած» երեխան հարևանի հետ գնաց հորթերը բերելու, ընդ որում՝ հարևանի հորթերը:

Կարոտով եմ հիշում թե՛ հորեղբորս, թե՛ այն օրերը, որ անց եմ կացրել նրա հետ: Հիմա հորեղբայրս չկա, ու էլ ոչ ոք ինձ «սիրունս» կամ «բողոճ» չի ասում…

Ամենալավ արձակուրդը

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Արձակուրդ բառը ամենասիրելին է բոլոր երեխաների համար: Դե իհարկե, միայն ու միայն  շոկոլադից հետո: Արձակուրդը յուրաքանչյուր երեխայի պատկերացումներում տարբեր է, յուրովի: Ինչ-որ մեկը արձակուրդ ասելիս հասկանոմ է ծով, մի ուրիշ երկիր, նոր միջավայր: Ոմանց համար դա քաղաքից գյուղ գնալն է, տատիկի ու պապիկի հետ մնալու համար: Իսկ իմ նման բախտավորների պատկերացմամբ արձակուրդ բառը ասոցացվում է սար բառի հետ:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Շատ մարդիկ սար բառը լսելիս անմիջապես ինչ-որ լեռ են պատկերացնում: Բայց չէ, դա բոլորովին սխալ կարծիք է: Սարն ուղղակի այնպիսի վայր է, որտեղ եղանակը համեմատաբար հով է արոտավայրերն էլ՝ շատ: Սա է պատճառը, որ հնուց ի վեր մարդիկ եղանակները տաքանալուն պես սար են գնում: Հին ժամանակներում սարում կարող էիր տեսնել բացառապես փայտաշեն տներ: Հիմա էլ դրանք մեծամասնություն են կազմում, բայց այսօր տեղ-տեղ դրանց կողքին հայտնվել են նաև քարաշեն տներ, կամ մետաղյա վագոններ, ինչպիսին մերն է:

Սարում հիմա շատ բան է փոխվել: Առաջին հերթին սար գնացողները պակասել են, շատ են պակասել, փոխարենը շատացել են լքված տներն ու ավերակները:

Լուսանկարը` Մայա Հարությունյանի

Լուսանկարը` Մայա Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Սարում առանձին տարածքները ո՛չ գյուղի անունով են ճանաչում, ոչ էլ՝ առավել ևս քաղաքի: Դրանց փոխարեն սարում առանձին բաժանումները ուրթեր են կոչվում: Ամեն ուրթ ունի իր անվանումը: Չնայած, ես էդպես էլ մինչև հիմա չեմ հասկացել մեր ուրթի իսկական անունը «Չիտչոնց  ո՞ւրթ» է, թե՞«Չիկչոնց  ուրթ», բայց հույս ունեմ մի օր կիմանամ:

Սարի մի շարք փոփոխություններին զուգահեռ, նաև աշխուժությունն է պակասել: Բայց այժմ էլ սար գնացող երեխաները հաստատ չեն թողնի, որ սարվորների ուրախությունը պակասի, էսպես ասած, երեխաները սարվորի «ականջը դինջ  չեն թողնի»:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Երեխաներով հաճախ ենք գնում անտառ զբոսնելու և երեկոյան «դոռոնջ (խարույկ)» վառելու համար փայտ հավաքելու, որն էլ երեխաների և ուրթի մեծահասակների հիմնական կռվի թեման է հանդիսանում, բայց դե, բնական է, 21-րդ դարի երեխաները «խոսքի տակ մնալ» և «պարտվող» լինել չեն կարող: Միշտ էլ մեծերի սայլը տեղից շարժվում է, փոքրերն էլ փայտն են տեղից շարժում: Հետագայում սարում անցկացրած օրերը, առավել ևս՝ Վարդավառը, որն ամենամյա տոնակատարություն է համարվում հատկապես սարվորների համար, կարոտով ենք հիշելու: Հնարավոր է ինչ-որ մեկի համար գյուղում կամ քաղաքում լավ անցնի, բայց չէ, միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, որ սարում Վարդավառը լավագույնս  է անցնում, այդ օրը բոլորը կրակ են վառում: Կրակ վառելու համար փայտ ենք բերում անտառից, երբեմն ոտքով, երբեմն էլ՝ մեքենայով: Մի խոսքով,  Վարդավառը սարում նշում ենք մի յուրահատուկ ձևով:

Հ.Գ. Ուզում եմ բոլորս գիտակցենք, որ մեր յուրաքանչյուր օրվա ու անկեղծ ժպիտի համար պարտական ենք հայ զինվորին, նամանավանդ այստեղ` Տավուշի մարզի գյուղերում:

Ես խաղաղություն եմ ուզում

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

«Ես խաղաղություն եմ ուզում». մի արտահայտություն, որը կրկնում եմ ամեն օր: Խաղաղությունը ինձ համար նույնպես դարձել է երազանք, որը, հույս ունեմ, մի օր կիրականանա: Հույս ունեմ, որ խաղալու ընթացքում այլևս կրակոցից չենք վախենա և կշարունակենք մեր խաղը, մեր լեզվով ասած` «քուչում»: Մարդիկ ստիպված չեն լինի լքել գյուղը, վախից չեն իջնի նկուղ: Վերջերս գյուղում նորից կրակոցները ավելի են շատացել, սակայն, երբ խաղում ենք, ոչ մի բան չենք նկատում, չենք հիշում, որ խաղաղություն չկա:

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Ես կոթեցի եմ, հպարտ եմ իմ գյուղով, սահմանին կանգնած մեր տղաներով, ովքեր մեր վտանգավոր գյուղում ապահովում են մեր խաղաղ քունը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը ավելի լարված է: Հայ զինվորները մեզ պաշտպանում են իրենց կյանքի գնով, բայց դա չի խանգարում համախմբվել ու մեր զինվորների կողքին կանգնել: Այս կրակոցները մեզ չեն խանգարում նաև գնալ դպրոց: Մեր դասարանը դպրոցի ամենաչար դասարանն է: Ուսուցիչներին շատ ենք ջղայնացնում, մեր դասարան մտնելիս վախենալով են մտնում, իսկ դուրս գալիս` գլխացավով: Այս լարված իրավիճակին լրջորեն ենք մոտենում: Կան դասաժամեր, որ շատ հետաքրքիր են անցնում: Դասի ժամին առաջին շարքից լսում ենք Էրիկի ձայնը, ով խոսում է երրորդ շարքում նստած Ավետիքի հետ, ում կարճ ասում ենք Ավո:

-Աաաա՜, Ավո, գնաց` ագոն…

Եվ այստեղ լսվում են պատասխան կրակոցի ձայները: Ավոն էր, ով արդեն այնքան հմտորեն էր սեղանի տակ խփում, որ կարող ես նույնիսկ մտածել, թե կրակոցներն իրական են:

Երբեմն նստած մտածում եմ, կգա՞ արդյոք մի օր, որ այլևս կրակոցներ չեն լինի, կվերականգնվի՞ խաղաղությունը, թե՞ոչ:

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

maya harutyunyan

Կյանքիս ամենատխուր օրը…

Ես Մայան եմ, սահմանապահ Կոթի գյուղից, 12 տարեկան եմ:
Ուզում եմ գրել ինձ հուզող թեմաների մասին:  Դրանք անսահման շատ են,  բայց թերևս ամենից շատ հուզողը օր-օրի ավելի մեծ թափ ստացող արտագաղթն է: Վերջին ժամանակաշրջանում գյուղում լարված իրավիճակ է,  այդ պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղից, իհարկե, հաճախ պատճառ է հանդիսանում նաև աշխատանք չլինելը:  Մինչև 1990-ական թվականները գյուղի բնակիչների թիվը  հասնում էր 2600-ի, իսկ հիմա գյուղում մնացել է ընդամենը 2200 բնակիչ: Բնականաբար կրակոցները վատ են անդրադառնում նաև մարդկանց ժամանցի վրա: Շատ մարդկանց ամենաուրախ ու ամենասպասված օրերը ամենատխուրն են դառնում  կրակոցների պատճառով:

Այդ մարկանցից մեկն էլ ես եմ: Սեպտեմբերի 2-ին ծննդյանս օրն էր՝ տարվա մեջ ամենասիրելի օրերիցս մեկը, բայց եկավ ժամը 6-ը (սովորաբար այդ ժամից սկսում են հավաքվել իմ հարազատները), հանկարծ լսվեցին ուժգին պայթյունի ձայներ, թշնամին մեծ զինատեսակներով կրակ էր բացել գյուղի վրա: Եվ այդպես էլ փչացավ իմ ծննդյան օրը, քանի որ ամեն անգամվա պես բարձր երաժշտություն չկար, չէինք պարում, չէինք ուրախանում, այլ հակառակը, անջատել էինք տան բոլոր լույսերն ու հավաքվել մի սենյակում: Հարազատներս չկարողացան գալ, որովհետև և՛ գյուղը, և՛ գյուղ բերող ճանապարհը ռմբակոծվում էր: Մարդիկ իրենց ընտանիքներին դուրս էին հանում գյուղից, իսկ ադրբեջանցիները կրակում էին ճանապարհների վրա: Զարհուրելի խուճապ էր սկսվել: Այդ ժամանակ հայրս գյուղում չէր: Տանը ես էի, մայրիկս, քույրս, եղբայրս, մայրական կողմի տատիկս ու քեռուս երկամյա տղան՝ Գոռը: Մի քանի ժամ հետո, ժամը 1-ի կողմերը, երբ արդեն մի քիչ հանդարտ էր, մեր տուն եկավ հայրիկիս ընկերը, ով բնակվում է Ոսկեվանում: Նա եկել էր, որ մեզ գյուղից հանի և տանի իրենց տուն: Մեր գյուղի համեմատ իրենց գյուղը ավելի ապահով էր, քանի որ նրանց գյուղը սարերի հետևում է, իսկ մենք՝ անմիջապես թշնամու դիրքերին դեմ առ դեմ:

Այսպիսով ես օրս սկսեցի ուրախ ու երջանիկ, բայց կեսօրից հետո կարծես ամեն ինչ միանգամից փոխվեց թշնամու վայրագությունների պատճառով: Չեք պատկերացնի ինչքան վատ է, երբ քո ծննդյան օրը դու պետք է դուրս գաս գյուղից, այն էլ՝ գնդակոծության պատճառով:

Գնացինք Ոսկեվան՝  պապիկենցս տուն, որից հետո, երբ բացվեց լույսը, արդեն հայրիկս իմացել և եկել էր սարից, մեզ տարավ սար: Այնտեղ մնալով մոտ մեկ ամիս, վերադարձանք գյուղ: Իհարկե, արդեն սովորական դարձած կրակոցները հաճախ էինք լսում:Այդ ժամանակ գյուղից դուրս եկան տասնյակ մարդիկ, մի մասը գնաց արտերկիր, իսկ մյուս մասը՝ քաղաք: Մարեցին բազմաթիվ տների լույսեր, որ շատ ցավալի է: Եվ գիտեք, կա այսպիսի մի խոսք, որը  ասել են թուրքերը. «Եթե մենք կարողանանք գրավել Կոթին, ապա մյուս գյուղերը գրավելը շատ հեշտ կլինի»:

Ես սիրում եմ մեր գյուղը, սահմանին կանգնած տղաներով, ովքեր պաշտպանում են մեզ: Կարող եմ ավելի երկար գրել այս թեմայով, սակայն ցանկանում եմ այսքանով վերջացնել իմ նյութը, հույս ունենալով, որ կգա մի օր, որ այս թեման ինձ այլևս չի հուզի, որ կկարգավորվի գյուղի վիճակը, որ այլևս կրակոցներ չեն լինի, որ չստացված ծնունդներ էլ չեն լինի, և որ մարդիկ կրակոցների պատճառով չեն գնա գյուղից, այլ հակառակը՝ հետ կվերադառնան և կապրեն իրենց հայրական օջախներում: Հուսով եմ…