anna gasparyan aragats

Անցյալ, որ երբեք հետ չի գա

Ամեն անգամ, երբ մտքերով գնում եմ անցյալ և հիշում եմ այն մարդկանց, որ հիմա չկան՝ երկնքում են, սիրտս կտոր-կտոր է լինում: Երբ հիշում եմ իրենց հետ ապրած ամեն մի վայրկյանը, ուղղակի երանի եմ տալիս այդ օրերին: Մարդիկ, ովքեր ինձ հոգեհարազատ են, մարդիկ, ովքեր ինձ բարեկամ չեն, բայց հարազատ են ինձ, այնպես, ինչպես բարեկամներս: Ու հիմա նրանք չկան, և մարդ, որ ինձ արյունակից է, բայց նրան երբեք չեմ տեսել, չեմ ստացել նրա սերը, չի գրկել ինձ գոնե մեկ անգամ, երբ փոքր ժամանակ լաց եմ եղել, չի սրբել արցունքներս:

Պապիկս… Մարդ, որին չեմ տեսել, բայց սիրում ու հարգում եմ բոլորից առավել: Այս կյանքում կուզեի միայն մի բան. ժամանակը հետ տայի ու գրկեի պապիկիս ամուր-ամուր, ստանայի այն ջերմությունը, որ երբեք չեմ ստացել: Ավա~ղ, այս ամենը ուղղակի երազանք է, որ երբեք իրականություն չի դառնա:
Գիտեք, ամեն անգամ, երբ տեսնում եմ հարևանիս տղային և իր մորը, ինքնըստինքյան աչքերս արցունքոտվում են և ուզում են թափվել աչքերիցս, բայց ես զսպում եմ: Երբ հիշում եմ, որ մայրը կորցրել է իր ավագ որդուն 23 տարեկան հասակում, տխրությունը պարուրում է հոգիս, երբ ամեն անգամ ուզում են թաքցնել իրենց տխրությունը և արցունքները ուղղակի սարսափելի է: Սարսափելի է հիշել այդ վատ դրվագները, մոր լացը, եղբոր կանչը, քույրը… Հիմա համոզվում եմ, որ Աստված առաջինն իր մոտ լավ մարդկանց է տանում: Անցյա~լ, ուրախ պահեր. անմոռանալի օրեր, որ անցկացրել եմ այն մարդկանց հետ, որ հիմա իմ կողքին չեն: Մի մարդ էլ կա, որ իմ կողքին չէ, բայց չեմ կարող նրա մասին գրել, քանի որ դա իմ ուժերից վեր է:

Ախ, եթե իմանայիք, թե որքան եմ ձեզ կարոտել: