Mariam barseghyan

Ես, 17-ը, իմ քաղաքն ու իմ ձայնը

Մոտ մեկուկես տարի 17.am-ին թղթակցելուց հետո, այս հարցին կարող եմ պատասխանել առանց երկար մտածելու, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ դեր է խաղում և ինչ է ինձ տալիս 17.am-ը:

17.am-ի շնորհիվ մենք ձեռք ենք բերում ընկերներ, նոր գիտելիքներ, ծանոթանում ենք մեր հասակակիցների և նրանց կարծիքների հետ, տարբեր քաղաքների և գյուղերի առօրյայի հետ, բայց ամենակարևորը, որ անում է մեզ համար 17.am-ը, դա մեր խոսքը լսելի դարձնելն է: Եթե կարծում ես, որ ֆեյսբուքի պատին ինչ-որ մի նյութ տեղադրելով քո խոսքը լսելի ես դարձնում, ապա սխալվում ես: Այդ նյութը սահմանափակվում է միայն քո ընկերների շրջանակում, և բացի այդ բոլորը չէ, որ կարդում են հրապարակածդ նյութերը, համարելով, որ դրանք ուղղակի երկար են: Իսկ 17.am-ը տալիս է քեզ ընթերցողների մեծ մի բանակ:

Այստեղ մենք կրթվում ենք և դաստիարակվում որպես երկրի ակտիվ քաղաքացիներ, որոնց համար մեկ չէ, թե ինչ է կատարվում շրջապատում:

Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր եմ նկատում, որին ես լուծում չեմ կարող տալ, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել դրա մասին, որպեսզի գտնվեն նրանք, ովքեր կլուծեն այդ խնդիրը: Երբ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն իրենց պատմությունը, ովքեր այս կյանքում հաղթահարել են դժվարություններ և հասել բարձունքի, իմ պարտքն եմ համարում գրել նրանց մասին: Մենք բոլորս պետք է ճանաչենք նրանց, ովքեր այսօր ապրում ու աշխատում են Հայաստանում և ստեղծում են մեր ապագա երկիրը: Եթե 17.am-ին թղթակցելու սկզբում մտածում էի, որ չկա ոչ մի հետաքրքիր բան, ինչով կցանկանայի կիսվել մարդկանց հետ, ապա այսօր անգամ հասարակ կենցաղային գործերը ինձ հետաքրքիր են թվում: Չէ՞ որ մեր ամեն սովորական օրով է ձևավորվում մեր երկրի ընդհանուր պատկերը: Ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել մեր սովորական կյանքից: Բոլոր գրքերը, ֆիլմերը սկիզբ են առնում հենց մեզանից: Այսօր առաջին հայացքից ամենաձանձրալի մարդկանց մեջ ես գտնում եմ հետաքրքիր կերպարներ և ավելի քան վստահ եմ, որ չկա ձանձրալի մարդ:

17.am-ում մենք սովորում ենք գրագետ գրել, խոսել և զերծ ենք մնում փողոցային բառապաշարից: Տարբեր մարդկանց հետ շփվելու համար պետք է տիրապետես ճիշտ խոսքին, որն էլ վստահություն և ակամայից խոսելու և կիսվելու ցանկություն է առաջացնում: Այլապես ոչ ոք քեզ լուրջ չի ընդունի  և չի ցանկանա պատմել իր մասին: 17.am-ում մենք միմյանց հետ շփվելով, մեկս մյուսիս նյութերը կարդալով, մի քանի հարցազրույց վերցնելուց հետո սկսում ենք ավելի ճարտար խոսել: Այսօր կարդալով իմ հին նյութերը և այն, ինչ գրում եմ հիմա, նկատում եմ էական տարբերություն իմ գրելաոճի մեջ: Եվ պետք է խոստովանեմ, որ հիմա ավելի լավ եմ գրում:

Այսօր ամենաճշմարիտ և ազատ լրատվամիջոցներից մեկը ես համարում եմ հենց 17.am-ը, որովհետև այստեղ գրում են ազատ, սեփական կարծիք ունեցող, ակտիվ պատանիներ և երիտասարդներ: Եվ միայն այստեղ կարող եք տեսնել, թե ովքեր և ինչպես են ապրում Հայաստանում: Հաճախ եմ լսում քննադատություններ նյութերիս և ընդհանրապես գրելուս վերաբերյալ: Հաճախ դադարում եմ գրել, մոռանալով պարտքիս մասին, բայց նորից սկսում եմ, հասկանալով, որ ինչով էլ զբաղված լինեմ, ինձ հետաքրքրող բաների մասին պետք է շարունակեմ գրել: Եթե ոչ ես, ապա ո՞վ կբարձրաձայնի իմ քաղաքի խնդիրները այնպես, ինչպես ես եմ դրանք տեսնում:

Երևի էլ ոչինչ չի մնում, քան ասել շնորհակալություն 17.am-ին, որ հիշեցնում է ինձ, որ ես պարտավոր եմ խոսել քաղաքիս, իր խնդիրների և ապագան կառուցողների մասին: