Juliabrahamyn12

Աշխատաշուկան

Ուրեմն, սկսեմ։ Ըստ պապական-տատական ավանդույթի` երբ նոր դասախոս է մտնում լսարան, դու պետք է քեզ նկարագրես։ Որտեղի՞ց ես, ինչո՞վ ես զբաղվում, որո՞նք են քո հոբբիները (ի դեպ՝ մենք բավականին զարգացած ենք, էլ «նախասիրություն» բառը չենք օգտագործում) և այլն։

Մեզ հարցրին, թե ինչով ենք ցանկանում զբաղվել ու ի՞նչ պլաններ ունենք հետագայում աշխատաշուկա մտնելու համար։

Այ, հենց այստեղ իմ հավերժ բողոքական ուղեղը փայլատակեց հետևյալ մտքով. «Սպասեք, մենք էս մի շուկայից դուրս գանք, նոր աշխատաշուկայի մասին կմտածենք»։

Երբ ընդունվում ենք, մտածում ենք, որ ավարտելուց հետո բոլորը կցանկանան մեզ աշխատանքի ընդունել, բայց արի ու տես, որ քսանչորս տարեկանում պետք է ունենաս տասը տարվա աշխատանքային փորձ, դիպլոմ՝ ցանկալի է կանաչ ու ադամանդի քարերով, ու բարետես արտաքին։ Լավ, մնացածը՝ ոչինչ, հնարավոր է, բայց այդքանից հետո մի հատ էլ բարետես արտաքի՞ն։

Պատկերացրեք, որ տասներկու տարի սովորելուց հետո մտնում եք համալսարան ու դժոխքի բետա տարբերակը դառնում է լրիվ տարբերակ՝ չորս տարի երկարությամբ, հետո, եթե ցանկանում եք, ավելի ճիշտ՝ եթե խելքը հացի ու թեյի հետ եք համտեսել, կարող եք երկարացնել ևս երեք տարով։ Չորս տարվա ընթացքում բարձրանում եք այնքան աստիճան, ինչքան չէիք բարձրանա երբեք։ Սա առաջացնում է ոտքերի խնդիր։ Անցնենք առաջ, չորս տարվա ընթացքում, եթե խնայեիք պատճենների վրա ծախսված գումարը՝ կարող էիք մեքենա ունենալ։ Սա ազդում է խղճի ու հոգեբանության վրա։
Չորս տարվա ընթացքում օգտագործել եք ամբողջ Հարավային Ամերիկայում արտադրվող սուրճը։ Սա հանում է օրգանիզմից երկաթը։

Դե, այնտեղ մանր-մունր բաներ կան, որոնք չեմ նշում։ Օրինակ՝ տեսողության ու լսողության խնդիր, հոգու բացակայություն, խորը դեպրեսիա և այլն։

Բարետես արտաքին մնա՞ց։

Բայց սա դեռ ամենամեծ խնդիրը չէ։ Հիմա պատկերացնենք, որ դուք բավականին խելացի, սովորող և պրպտող տեսակին եք պատկանում, ու մի ամբողջ հավերժություն՝ մոտավորապես տասներեք տարի, նվիրել եք ուսմանը և վերջում չեք ընդունվում։
Ասե՞մ, թե ինչու, որովհետև հեռավոր անցյալում՝ մոտավորապես տասներեք տարի առաջ, ինչ-որ մի պաթոսահայուհու ճակատագիր էր գծագրվել։ Ըստ գծագրի՝ նա պետք է ընդունվեր համալսարան, ու կապ չունի, թե որ բաժին, դա այդքան էլ կարևոր չէ, և հետո ամուսնանար ու կյանքում չաշխատեր։

Իսկ ինչո՞ւ էր հարկավոր համալսարան ընդունվելը։ Ասեմ, որ հետո կարողանար ամուսնանալ, ու դիպլոմը գնար օժիտ։

Բա այսքանից հետո սովորել կլինի՞։

Ինչևէ, ես այս սովետական հանրագիտարանի երրորդ հատորը չէի կարող ասել դասի ժամանակ և փոխարենն ասացի.

-Պատրաստվում եմ ստանալ բարձրագույն կրթություն և անմիջապես գտնել երազանքներիս աշխատանքը։

«Հա, բա չէ, հեսա»,- կողքից մտմտաց ենթագիտակցությունս։