Աշունը մարդկանց մեջ

Փոխվում են մարդիկ, կործանվում կամ առաջանում են պետություններ, պատերազմներ ու արհավիրքներ են լինում, բայց աշունը միշտ նույնն է: Եվ այդ նույն աշունը, արդեն աստված գիտի, որերորդ անգամ մեր գյուղ է գալիս՝ Դսեղ: Միայն այս տարի նկատեցի, որ մեր գյուղը աշնանը ամենագեղեցիկն է լինում: Աշունը չի փոխվել , այլ`ես:

Չեմ կարողանում հիշել, թե անցյալ տարի մեզ մոտ այս եղանակին ավելի շա՞տ մարդ կար, թե՞ քիչ: Համենայն դեպս, արտագաղթի հետևանքները ես այդպես ուղղակիորեն չեմ զգում:
Տասնհինգամյա մի աղջկա համար, որը արթնանում է կեսօրից հետո, աշունը կարող է լավը կամ վատը, գեղեցիկ կամ տհաճ լինել, բայց հոգսերով ապրող գյուղացու համար, աշունը միայն հերթական փորձությունն է, որին արժանապատվորեն պետք է դիմավորել:
Մեր ունեցած միակ կենդանին շունս է, մեկ էլ՝ տասը հավերը: Չնայած կասկածում եմ, որ տասն են, որովհետև երբեք չեմ հետաքրքրվել: Դրա համար էլ գյուղացու ծանր հոգսի հետ կապված իմ պատկերացումները սահմանափակվել են մի քանի արկղ խնձոր հավաքելով ու այգու չորացած տերևները այրելով:
Բայց ձմեռել պատրաստվող մարդու աշխույժը գյուղում ամենուր է. էլեկտրական սղոցների ձայնի մեջ, երեկոյան գոյացած ծխի ամպի մեջ, կակալով (ընկույզով, էլի) լցված պարկերում, երբեք չդադարող խշխշոցում, խնձորով ծանրաբեռնված արկղերի ներսում:

Ինչ-որ բաներ նկատելիորեն փոխվել են: Թանգարան քիչ-քիչ են գալիս, եկեղեցու համար զանգակատուն կառուցեցին, անտառը մի քանի ծառով էլ պակասեց, փողոցներում մարդ չի մնացել, ուժեղ քամուց էլ լույսերը շուտ-շուտ են անջատվում:
Մի կողմից էլ՝ այս արձակուրդներն այնքան հաճելի են: Մի լավ մտածելու, կշռադատելու, ինքդ քեզ հասկանալու հնարավորություն են տալիս:
Առաջ էլ նայել եմ անտառին, գյուղին, սարերին ու ասել, որ գեղեցիկ են: Ասել եմ, որովհետև այդպես պետք է ասեի, որովհետև չէր կարելի հակառակը ասել, իսկ հիմա ասածս ամեն բառը զգում եմ, ու այսպես շատ ավելի հաճելի է:
Մարդիկ երջանիկ են լինում այն ժամանակ, երբ գիտեն, որ այնտեղ են, ուր պետք է լինեին: Հիմա ես գիտեմ, որ ճիշտ տեղում եմ: