Թբիլիսյան օրագիր. օր 2

Երկրորդ օրը կրկին լիքն էր զգացմունքներով ու կարևոր դեպքերով։ Այսօր ցուցադրվում էին բոլոր մասնակից երկրների ֆիլմերը։ Բացումը հայերինն էր։ Առաջին ֆիլմը կրկին հայկական էր՝ անիմացիա: Հետո մեր կենտրոնի ֆիլմերի ցուցադրության հերթն էր։ Հանդիսատեսն ուշադիր նայում էր: Մեզ շատ հետաքրքրում էր, որ պահին ինչպես կարձագանքեն, արդյո՞ք կհասկանան: Բայց մութ դահլիճում դա նկատելն անհնար է, ուստի երբ հայտարարեցին ընդմիջում, միջանցքում մոտեցանք այլ երկրների ներկայացուցիչներիի՝ իմանալու նրանց կարծիքը, տպավորությունները:Ուկրաինայից Նադեժդա Կուչմանը, ով ներկայացնում էր «Վիսնյանկա» կենտրոնը, հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմի գաղափարը, գույները, երաժշտությունը։ Գերմանիայի ներկայացուցիչներից Նատիա Ռոթիի կարծիքով, «Մի սիրո պատմություն» ֆիլմը մարդու իրավունքների շատ նուրբ հարցերից մեկն է բարձրաձայնում։ Մարգարիտա Նագիբինան Յարոսլավից հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, և նրան շատ էր դուր եկել ֆիլմից անիմացիա անցումը։ Վրաստանից Էթեր Պրչուկիձեն ևս հայտնեց իր կարծիքը, ասելով, որ իրեն նույնպես դուր է եկել «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, որովհետև այն բարձրացնում է տրամադրությունը, գույները շատ տրամադրող են և հենց ֆիլմը իրենով շատ գրավիչ և ուրախ է։ 

Մեզ համար շատ կարևոր և հուզիչ էր ժյուրիի անդամներից մեկի՝ Գերմանիայից ժամանած Մուրադ Ատշանիի կարծիքը, ով շատ տպավորված էր «Մի սիրո պատմություն» ֆիլմից: Ի դեպ, նա անձամբ մեզ գտավ՝ իր կարծիքը հայտնելու համար, որը ինչ խոսք շատ պարտավորեցնող էր և կարևոր։

Չմոռանամ ասել, որ ինձ ընտրեցին որպես երիտասարդական ժյուրիի անդամ, և ցուցադրվող ֆիլմերից հետո ես պետք է հայտնեի իմ կարծիքը և ընտրեի ամենից շատ դուր եկած ֆիլմը։

Անուշ Հովհաննիսյան 

***

Կինոփառատոնի երկրորդ օրը պետք է դիտեինք ու քննարկեինք տարբեր երկրների ներկայացրած ֆիլմերը։ Առաջին ֆիլմը ներկայացնում էր Երևանից ժամանած մյուս խումբը։ Սակայն այդ ֆիլմը իրենք չէին նկարահանել։ Երկրորդը, արդեն Անուշը գրեց, մեր ֆիլմերը ցուցադրվեցին: Տպավորությունների մասին արդեն Անուշը գրել է, ես կշարունակեմ պատմել ցուցադրության մասին:Մեր ֆիլմերից հետո ցուցադրեցին Գերմանիայի, Դանիայի, Վրաստանի և մի քանի այլ երկրների անիմացիոն և դոկումենտալ ֆիլմեր։ Ֆիլմերը դիտելուց հետո ժյուրիի անդամները առանձնացան քննարկումների համար։

Ֆիլմերը դիտելուց հետո մենք պետք է հանդիպեինք փառատոնի երեխաներից մեկի ընտանիքի հետ և նրանց հետ շրջեինք Թբիլիսիով։ Մեր ուղեկցի անունը նույնպես Դավիթ էր: Դավիթենց ընտանիքի հետ եկել էր նաև մի կին, ով շատ լավ կարողանում էր խոսել հայերեն։ Սկզբում նրանք մեզ փոխանցեցին իրենց պատրաստած նվերները, հետո գնացինք Թբիլիսիում կառուցված ամենամեծ եկեղեցին։ Մտանք, ուսումնասիրեցինք եկեղեցին և դուրս եկանք զբոսնելու եկեղեցու շրջակայքում։ Զբոսանքից հետո միասին գնացինք վրացական ուտելիքներ համտեսելու։

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Ծանոթացանք վրացական խոհանոցին,ընթրելուց հետո գնացինք Մտատամինդա կոչվող այգի զբոսնելու: Այնտեղից շատ պարզ երևում էր Թբիլիսին իր ողջ հմայքով։ Այս ամենից հետո հոգնած, բայց շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք հյուրանոց։

Դավիթ Ալեքսանյան