violeta mkrtchyan

Ապագան մենք ենք

Օրեր առաջ մասնակցեցինք մի ծրագրի Technovation Armenia-ի շրջանակներում։ Այցելեցինք Ամերիկյան համալսարան, որտեղ նշեցինք տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) աղջիկների տոնը: Ներկայացրեցինք մեր ծրագիրը` ArmenianSignLanguage բջջային հավելվածը, որի օգնությամբ ցանկացողները կարող են սովորել հայերեն ժեստերի լեզուն: Ծրագրի բնույթը հավանո՞ւմ եք։ Ես ինքս այդ օրը նայելով բոլոր մասնակիցների նյութերը, մերը շատ հավանեցի (թող գոռոզություն չթվա): Դեռ մրցույթի նախապատրաստական փուլում մտքներովս չէինք էլ կարող անցկացնել, որ այսքան հաջողված կլինի ամեն բան, բայց արի ու տես, որ ստացվեց…

Այս ամենին նրանք են հասնում, ովքեր աշխատում են, փորձում են առաջ քայլել։ Անգամ մեկ թղթի կտորը, որը այդքան էլ արժեք չի ներկայացնում առաջին հայացքից, մի մեծ աշխարհ արժե, որի բովանդակության մեջ կա «գաղտնի» հաջողության գրավականը։ Հետևելով ծանոթ, անծանոթ, հարևան, գյուղացի կամ ընկեր-ընկերուհի անցուդարձին, վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ քրտնաջան սովորում են և դրա հետ մեկտեղ հաճախում են բազում խմբակների, որոնք օգնում են հետաքրքրությունների շրջանակն ավելի լայնացնել։  Ես ինքս հետաքրքրասեր մարդ եմ, և երբ որևէ նոր բան է լինում, աշխատում եմ ինքս օգտվել դրանից, և ոչ միայն ես եմ օգուտ քաղում անցածս դասընթացներից, այլ նրանք, ովքեր աշխատում են ինձ հետ։ Օրեցօր շատ ու շատ բաներ են բացահայտվում, ինչը դեռ մինչ այժմ չգիտեինք։

Երևի հենց այսպես է կերտվում մեր ապագան: