vanuhi harutyunyan

Մայրամուտ

Այսօր առաջին անգամ տեսա մայրամուտն իր ողջ հմայքով: Ասեմ, որ հիացած եմ ապշելու աստիճան: Մի տեսակ խորհրդավորություն կար նրանում: Սկզբում ուզում էի միայն մի կախարդական վրձին, որ կարողանայի պատկերել իմ առջև բացված տեսարանը (կախարդական, քանի որ, չնայած մեծ ցանկությանս, նկարել ընդհանրապես չեմ կարողանում): Այնուհետև այն ինձ կախարդեց ու գցեց մտորումների մեջ: Նրա լույսի ներքո սկսեցի մտածել այնպիսի երևույթների մասին, որ երբևէ մտքովս չէին անցել. երևի հենց այն պատճառով, որ երբևէ չեմ հետևել մայրամուտին:

Հանկարծ մտածեցի երջանկության մասին, ուզում էի հասկանալ, թե ինչ է իրական երջանկությունը, հնարավո՞ր է արդյոք լինել լիակատար երջանիկ… Հետո մտածեցի, թե իմ կյանքում երբևէ եղե՞լ է մի պահ, որ ինքս ինձ համարեմ երջանիկ, երջանիկ՝ առանց վերապահումների:

Կարծես՝ գտա պատասխանը. հասկացա, որ երջանկության համար ժամանակ սահմանված չէ, մենք երջանիկ ենք այն ժամանակ միայն, երբ կարողանում ենք որսալ պահը, գնահատել ու արժևորել այն, ինչ ունենք… Եվ, ի վերջո, մշտական երջանկություն լինել չի կարող, հակառակ դեպքում, այն կկորցնի իր մոգական ուժը: Երջանիկ լինելու համար պետք է զոհես մի բան՝ նորը, ցանկալին, կարևորն ու ճակատագրականը ստանալու ակնկալիքով:

Բայց, անկեղծ ասած, մտորումներս ինձ տխրություն պատճառեցին: Մտածեցի, որ, գուցե, կյանքում շատ անգամներ երջանկությունն անցել է իմ կողքով, ու ես չեմ հասցրել նկատել նրան, կամ գուցե ես արդեն կորցրել եմ իմ բաժին երջանկության մի պատառիկ՝ ժամանակին ամուր չբռնելով այն…

Թվում է, թե այդ մայր մտնող արևը գիտեր ամեն բան աշխարհի ու մարդկանց մասին ու լռում էր, հետ էր քաշվում՝ իր հետ տանելով բյուր գաղտնիքներ, հույզեր ու երազանքներ:

Մտորումներիս մեջ խորասուզված չէի նկատել, որ արևն արդեն գրեթե ամբողջովին մայր էր մտել՝ իր տեղը զիջելով լուսնին, որ նույնչափ հմայիչ ու խորհրդավոր էր ու իր մեջ պարունակում էր նույնչափ մեծ հույզեր:

Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ հետևեցի այդ խորհրդավոր մայրամուտին գեթ մեկ անգամ: