Ապագա իրավաբան Էթերան

Էթերա Աբելյանը 21 տարեկան է, սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, իրավաբանության բաժնում։

-Էթերա, ինչո՞ւ Թբիլիսի և ինչո՞ւ հենց այդ մասնագիտությունը։

-Մասնագիտությունը դեռ շատ վաղուց էի ընտրել: Ինչո՞ւ իրավաբան, որովհետև սա միակ ոլորտն էր, որն ինձ համապատասխանում էր ու հոգեհարազատ էր։ Ես ինձ լավ եմ զգում այս ոլորտում, գլուխ եմ հանում, հասկանում եմ, ուզում եմ մտածել և ինքնուրույն լուծումներ գտնել: Իրավաբանությունը որպես մասնագիտություն չեմ ընտրել, ուղղակի, որպես սիրած գործ, ապրելակերպ, որի մեջ ես ոչ թե հոգնում եմ, այլ ընդակառակը, հանգստանում:

Թե ինչո՞ւ Թբիլիսի, կդժվարանամ պատասխանել, քանի որ ես նույնպես չէի պատկերացնում, որ կսովորեմ Վրաստանում: Պարզապես հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ ընտանիքիս անդամների հետ  որոշեցինք, որ այստեղ` Վրաստանում, ավելի հարմար ու հեշտ կլինի սովորելը, ինչը իհարկե, չի համապատասխանում իրականությանը:

-Ինչպիսի՞ն էին ձեր առաջին օրերը համալսարանում, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք և որո՞նք են դրանք։

-Համալսարանում առաջին օրերը ինձ համար շատ վատ էր, ինչի՞ համար էր վատ։ Ես գիտեի, որ Թբիլիսում ապրում են շատ տարբեր ազգեր, համալսարանում նույնպես կլինեն տարբեր ազգի մարդիկ, բայց ինձ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ իմ բոլոր համակուրսեցիները ադրբեջանցիներ էին, իսկ ես որպես հայ, չէի պատկերացնում, որ կսովորեմ կամ կընկերանամ  ադրբեջանցու հետ: Չգիտեմ, վատ էր, թե լավ, ես համալսարանում ոչ մի ընկեր կամ ծանոթ չունեի, ու դա իսկապես շատ սթրեսային էր:  Բայց երբ արդեն անցավ մոտ մի տասը օր, ու ես հարմարվեցի միջավայրին, ամեն ինչ հիանալի դարձավ, ձեռք բերեցի շատ լավ ընկերներ թե հայ, թե վրացի և թե ադրբեջանցի:

-Նշեք Ձեր մասնագիտական նպատակները:

-Չէի ցանկանա խոսել դեռ մասնագիտական նպատակներիս մասին, քանի որ շատ-շատ են, և  դրանցից դեռ ոչ մեկը չեմ իրականացրել: Ուզում եմ ձեռք բերել  բավարար հիմնարար գիտելիքներ և փորձ, հետո նոր մտածել մասնագիտացման մասին: Հիմա ուզում եմ ամեն ինչ անել, բայց հետո հասկանում եմ, որ դեռ պատրաստ չեմ սկսած գործս ավարտին հասցնել:

 -Ի՞նչն է Ձեզ առավոտյան ստիպում վեր կենալ անկողնուց:

-Պատասխանատվությունը. ես ամեն  ինչին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ, այն օգնում է ինձ կատարել աշխատանքը լավ: Նա, ով ունի երազանք, անպայման կարողանում է վեր կենալ անկողնուց:

-Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ մոտիվացնում:

- Ինձ մոտիվացնում է այն փասը, որ մի օր մեռնելու եմ, իսկ ես չեմ ուզում հեռանալ այս կյանքից ձեռնունայն: Ինձ  մոտիվացնում են իմ մտքերը, փորձում եմ միշտ ունենալ  վառ մտքեր: Երազկոտ եմ շատ, իսկ այդ երազանքները ստիպում են կենտրոնանալ ու ջանք թափել:

-Պատրա՞ստ եք փոխելու ձեր բնակության վայրը աշխատանքի համար 

-Կարծում եմ դա բնական բան է, իհարկե, ցանկացած մարդ, ով հարգում է իր գործը, մասնագիտությունը, չի մտածում, թե որտեղ կլինի աշխատավայրը, կարևորը աշխատանքի բովանդակությունն է:

- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Առհասարակ չեմ սիրում ունենալ ազատ ժամանակ: Միշտ գլխիս փորձանքներ եմ բերում: Երբ հասկանում եմ, որ ունենալու եմ ազատ ժամանակ, սկսում եմ սոցհարթակներում գտնել ինձ հարմար ծրագրեր, որպեսզի  մասնակցեմ դրանց կամ դիմում եմ ընկերներիս: Շատ եմ սիրում ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց փորձում եմ համատեղել։