Ապարանում

Երկու օրով գնացել էի Ապարան: Երկրորդ օրը որոշեցի դուրս գալ քաղաք ու հետաքրքիր ֆոտոներ անել: Բարեկամներիս հետ գնացինք մի թաղամաս, որը կոչվում է Բադալի թաղամաս: Հենց այդտեղ կա աղբյուր՝ Բադալի աղբյուրը: Աղբյուրը դպրոցին կից է, այդ տարածքում կան շատ առանձնատներ, ու մարդիկ իրենց խմելու ջուրը այդ աղբյուրից են տանում:

Տարածքում կա մի քար, որի վրա քանդակված է Հիսուս Քրիստոսի սրբապատկերը: Բադալի թաղամասից հետո ուղևորվեցինք «Սիրո աղբյուր»: Ճանապարհին մի պապիկ իր թոռան հետ զրուցելով գնում էր.

-Պապի սոված եմ,- նվնվում էր թոռնիկը:

-Հա, հեսա հասնենք տուն, տենանք տատդ ինչ ա եփել,- հորդորում էր պապը:

«Սիրո աղբյուրի» ջուրը շատ վարար էր: Աղբյուրի ջուրը լցվում է գետը, սակայն մոտակայքում արհեստական լիճ են նախագծում, որի ստեղծման համար գետի ջուրն են օգտագործում, գետի ջրի մակարդակը բավականին նվազել էր: Ձկները պարզ երևում էին, նույնիսկ ձեռքով էին կարողանում երեխաները ձկներ բռնել:

Ապարանը գեղեցիկ քաղաք է, բայց այնպիսի թաղամասերում եղա, որոնք կարծես գյուղի փողոցներ լինեին: Կար մի թաղամաս, որտեղ լքված և հին տները մեկը մյուսին էին հաջորդում: