Tamara galstyan

Ապրիլյան պատերազմից

Հարցազրույց քառօրյա պատերազմի մասնակից Կառլեն Հարությունյանի հետ:

-Ինչո՞վ էիր զբաղվում մինչ բանակ գնալդ:

-Հողագործությամբ եմ զբաղվել:

-Որտե՞ղ էիր, երբ սկսվեց քառօրյա պատերազմը:

-Դիրքերից իջել էի, Մարտակերտում եմ ծառայել:

-Կպատմե՞ս քառօրյա պատերազմից:

-Ապրիլի 2-ին՝ գիշերը ժամը 3-ին, մենք Մալոյան Էդիկի հետ բարձրացել ենք «պոստեր»՝ Քյարամի «պոստը» (խոսքը քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մասին է), գնացել ենք Քյարամենց օգնելու, բայց չենք կարողացել օգնել, որովհետև կրակում էին մեզ վրա: Մի վիրավոր ունեինք՝ աշտարակցի տղա՝ Քյարամենց գյուղից: Դրանից հետո ինձ տարել են Թալիշ, Թալիշի գյուղերում եմ եղել, օգնել եմ՝ ժողովրդին ենք հանել էնտեղից, հետո գնացել եմ Ջաբրայիլ, Ասկերան ու նորից հետ եմ եկել Մարտակերտ: Էլի «պոստ» եմ պահել, շատ դժվար էր ամեն ինչը…

-Ունե՞ս այնտեղից ընկերներ, որոնց հետ մինչև այսօր կապը պահպանում ես:

-Հա, էդ վիրավոր տղան՝ «մինի» վրա ա տրաքել ու խփել են ուսին, մյուն էլ հրամանատարս ա, իր հետ եմ մոտ:

-Ի՞նչ էիր զգում այն պահին, երբ քեզ ասացին, որ մի քանի օրից տուն ես գնալու:

-Ուրախ էի, բայց ցավը էն էր, որ տղերքին մենակ էինք թողում էդ խառը պահին: Դե, ուրախ ես, որ անփորձանք գնում հասնում ես ծնողներիդ էդ կռվից հետո: Մեդալ եմ ստացել ու օգոստոսի 27-ին արձակուրդ եմ եկել 7 օրով:

-Հիմա ինչո՞վ ես զբաղվում:

-Հիմա նորից մտել եմ զորամաս՝ Արարատի Զոդ գյուղում, էլի մեր հայրենքին եմ պաշտպանում:

-Ի՞նչ կփոխանցես այն տղաներին, ովքեր նոր են զորակոչվել բանակ:

-Թող անփորձանք վերադառնան, կռիվ չտեսնեն, գան, հասնեն իրենց ծնողներին, բոլորն էլ ծնող ունեն, բոլորն էլ սպասող ունեն: