susanna harutyunyan girq erkrord kiraki

Աջից ձախ և հակառակը

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:Anush abrahamyan

Առաջին անգամ գիրքը բացելուն պես ոչինչ չկարդացի: Երկրորդ անգամ միայն այս պատմվածքը: Երրորդին գիտեի` ինչու եմ բացում: Երկու րոպեն հերիք է, կկարդաս, կվերջացնես այս պատմվածքը, հեշտ է, չէ՞: Երկու րոպեն ի՞նչ ժամանակ է որ: Երկու րոպե հայելու առաջ անիմաստ կկագնես, երկու րոպե ու դրանից  ավել կսպասես կանգառում, երկու րոպե կվիճես մայրիկի հետ  սիրելի հագուստդ գնելու համար, երկու րոպե  կպահանջվի չոր շորերը պարանից հավաքելու համար ու էլի շատ այլ բաների համար:

Իսկ երկու րոպեում հասցրե՞լ եք հիշել ձեր կյանքի մի ամբողջ տասներեք տարին, հասցրե՞լ եք լցվել այնպիսի ջերմությամբ, կարեկցանքով, ինչպիսին հաճախ չի լինում: Հասցրե՞լ եք պատկերացնել  տարիքն առած մարդու կարոտը գյուղի ու կյանքի նկատմամբ, հասցրե՞լ եք Հապետ պապի հետ համաձանել, թե գյուղում բժշկություն չկա, ու սրտնեղել դրա համար, հասցրե՞լ եք տողերի մեջ տեսնել,  թե ինչպես գյուղ հասնելուն պես ծերությունը մարմնին դաջած պապը քթի տակ ժպտում էր, շնչում գյուղի պաղ օդը  ու երևի կնոջն էր հիշում. կնոջ կարոտը գյուղից էր ուզում առնել: Հասցրի՞ք …  Ես հասցրի…

Մեր կյանքում շատ են երկու րոպեները. դրանք կանգառներում են, հեռախոսներում, խանութներում, փողոցում և շատ այլ տեղերում: Կուզենայի, որ այս ամենի մեջ դու երբևէ գտած լինեիր այս պատմվածքի երկու րոպեն…