seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Ուզում եմ այսօր քեզ պատմել մարդկանց մասին։ Մեր մոլորակում լիքը մարդ կա։ Շատ, չես էլ պատկերացնի՝ ինչքան։ Նրանք ամեն անգամ քեզ նայում են ներքևից, բայց բոլորը չէ, որ նայում են։ Մի մասի համար դու ուղղակի կետ ես երկնքում։ Լավ, տես այն աղջկան՝ երկար մազերով։ Նա այն տեսակի մարդկանցից է, որոնք եթե տեսնեն, որ ինչ-որ բան ընկավ գետնին, անմիջապես կմոտենան ու կվերցնեն։

Իսկ նա, տես, հենց այդ «նրբանկատի» կողքին։ Կարճ մազերով է ու առանց շպարի, նա այն տեսակից է, որ միշտ նկատում է ընկածը, մտածում, որ կարելի է վերցնել, բայց, այնուամենայնիվ, ալարում է։

Հենց երթուղայինում մեր դիմաց նստածին տեսնո՞ւմ ես։ Նա էլ այն տեսակի աղջիկներից էր, որոնց եղունգները միշտ կարճ կտրված են ու չներկված։ Նրանցից, որոնք միշտ շտապում են և ուշանում սովորաբար։ Այն տեսակներից, որոնք միշտ մեծ, իրենցից մեծ ուսապարկով են, որը լցված է ինչով ասես՝ պիտանի ու անպետք, ինչով ասես։ Նրանցից, որոնք միշտ ունեն տափակ կոշիկներ, անհասկանալի մազեր։ Նրանք զբաղվում են որևէ կարևոր գործով, մի բանով, որը օգուտ է բերում շատերին։ Այս աղջկան ամեն օր էլ տեսնում եմ։ Իսկ այնտեղ՝ անկյունում նստածին տեսնո՞ւմ ես։ Նայիր՝ ինչպիսի աչքեր ունի։ Նա այն տեսակի մարդկանցից է, որ լուռ նստում են անկյունում, դիտում բոլորին, ամեն ինչ։ Ու նրանք գիտեն ամեն ինչի մասին՝ ում հագին ինչ կա, ով ինչպես է քայլում, ով քանի անգամ նայեց իրեն ու ինչպես։ Այո, նրա նմանները քիչ են, բայց, այնուամենայնիվ, կան։ Իսկ այս կինը, ի՞նչ կասես նրա մասին։ Դե հա, արտաքինը, իհարկե, սովորական է, տեսակն էլ, իմիջիայլոց, շատ սովորական է ու տարածված։

Նա այն տեսակի կանանցից է, որոնք անմիջապես ձգում են հոնքերը, երբ ամուսինը ձեռքը տանում է գրպանը կամ փորձում լավություն անել բարեկամներից որևէ մեկին։ Հա, նրանց ընտանիքում միշտ էլ էդպիսի վեճեր լինում են։

Այն տղային տեսնո՞ւմ ես։ Դասի է շտապում։ Նա սաստիկ այսօրվա տեսակ է։ Խոսում է՝ գիտի, թե չէ, ասում է, կարևորը՝ ձայնը լսվի։ Կապ չկա նախադասությունների մեջ, բառերի։ Այսօր իրոք կա պահանջը նրա նմանների։ Մարդկանց մեծամասնությունը սիրում է այս տեսակին։ Սիրում է ու մեծարում։ Նրա հետ փորձում են ընկերանալ, նրա կողքին շատ երևալ։ Բայց եթե խորանում են, հասկանում են, որ դատարկ էր, իսկ դատարկությունը երբեք բառերով չի լցվում։

Իսկ այս աղջիկը։ Տե՛ս, այնտեղ, մի քիչ թմբլիկ։ Անցնում է փողոցը, նայի՛ր։ Նրան ճանաչում եմ։ Գիտես ինչպիսին է. նա միշտ աղմկում է քայլելիս, խոսելիս, ամեն ինչ անելիս աղմկում է։ Հարց է տալիս, ու սեփական աղմուկից հարցը չի լսվում։ Նրա ներկայությամբ լռություն լինել չի կարող։ Ու նրա մեջ լավ բան գտնել կարելի է միայն սրտում։ Չհղկված է, բայց բարի սիրտ ունի։ Առհասարակ, սրտի որակը երբեք արտաքինից չես հասկանում։

Այն երեխա՞ն։ Հա իրոք, մեղք է, պայուսակը իրենից մեծ է։ Բայց դու մորը նայիր։ Նա այն մայրիկներից է, որոնք փորձում են իրենց երեխային հետ չպահել ոչնչից։ Որոնք «երեխաս գնում է պարի» ասելու փոխարեն ասում են՝ մենք գնում ենք պարի, և իրոք, նա միշտ երեխայի հետ է։ Նա առավոտյան միշտ ջրով լի շիշը մտցնում է երեխայի պայուսակի կողքի գրպանը՝ էլ ավելի ծանրացնելով այդ պայուսակը։ Տես այս մարդուն, որ նստեց մեքենան, նա էլ գիտե՞ս ինչպիսին է… Հեյ, ո՞ւր ես գնում, բայց ես դեռ չէի ավարտել…