Առանց նրա

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Ուռա~, ման եկած հաց,- ճչում էինք բոլոր թոռներս` վազելով դեպի Երեմ պապը, երբ նա, հանդից տուն վերադառնալով, բացում էր ուսապարկը: Պապս նախիր էր պահում ու ամեն անգամ գործի գնալիս հետը տանում էր հաց, պանիր, խաշած ձու… Ու ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում, հետը տարած ուտելիքի կեսը տուն էր բերում, և մենք` յոթ թոռներս, թողնելով տան թարմ հացը, շատ մեծ ախորժակով խժռում էինք «ման եկածը»: Չգիտեմ ինչու, մեզ թվում էր` էդ հացն ավելի համով է, ու մինչև հիմա էլ այդպես ենք կարծում:
Մինչ նախիր պահելը Երեմ պապը եղել է վարորդ, շուրջ քառասունհինգ տարի իր կյանքն անց է կացրել իր մեքենայի ղեկին: Ինչպես ինքն էր ասում. «Նախկին սովետի բոլոր քաղաքներում եղել եմ»: Գրեթե անգիր գիտեր, թե որ քաղաքը որ քաղաքից քանի կիլոմետր է հեռու, բայց վերջին տարիներին մի քիչ շփոթում էր: Ուներ ճանապարհային քարտեզ ու միշտ ուսումնասիրում էր դա: Վերջերս ուզում էինք իմանալ, թե Ռուսաստանի չգիտեմ որ քաղաքից Երևան քանի կիլոմետր է: Վերցրինք պապիկի քարտեզը, և ի՞նչ… Պարզվում է, որ միայն պապիկը գիտեր դրանից օգտվելու ձևը: Ու թեև համացանցով կարողացանք վայրկյանների ընթացքում գտնել մեր ուզածը, բայց ավելի լավ կլիներ, որ պապիկը ողջ լիներ, բացեր քարտեզը ու երկար-երկար փնտրեր: