mane m sargsyan

Երբեք մի ասա` երբեք

Ես Մանեն եմ: Երևի շատերդ ճանաչում եք ինձ: 16 տարեկան եմ, սովորում եմ 12-րդ դասարանում: Շատ ակտիվ և կենսուրախ բնավորության տեր անձնավորություն եմ: Դպրոցում չարաճճիություններ չեմ արել երբեք: Բայց ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք…
Սովորական օր, սովորական դասերով, պարապմունքներով հագեցած: Ինձ թվում էր, որ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի լինելու այս օր: Բայց սխալվեցի…
Մենք պատրաստվում ենք Նոր տարվա միջոցառման, և քանի որ ունեմ լավ գաղափարներ և մտքեր, և բացի դրանից, նաև աշակերտական խորհրդի անդամ եմ, իմ դասընկերներից մի քանիսի հետ միասին գնացի մեր կազմակերպչի աշխատասենյակ: Քննարկումներ արեցինք, որոշումներ կայացրեցինք: Այնքան էինք կլանվել, որ մեզանից ոչ ոք չէր լսել զանգի ձայնը: Երբ վերադարձանք դասարան, ուսուցիչն արդեն մատյանն էր լրացնում:
-Դասից 10 րոպե ուշացել եք, իսկ մնացած 35 րոպեն կմնաք պատի տակ կանգնած,- բարկացած ասաց նա:
Մենք ուշացել էինք ընդամենը 3 րոպե: Դաժան է…
Առաջին անգամ էի պատի տակ կանգնում: Անկեղծ ասած, միշտ երազել եմ: Եվ այսպես, 12-րդ դասարանում երազանքներ են ի կատար ածվում: Համեցեք…