Violeta Mkrtchyan

Առաջնորդվիր միայն քո գիտելիքներով

Հայրիկս՝ Սամվել Մկրտչյանը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, նա իր մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքներով շատ է ոգեշնչում ինձ, և ես փորձում եմ շատ բաներ սովորել նրանից: Կյանքում նույնպես շատ լավ մարդ է: Մի քայլ կատարելուց առաջ նախ մտածում է, ծանր ու թեթև անում և նոր որոշում է կայացնում: Եթե չեմ կարողանում կողմնորոշվել, նա աջակցում է ինձ և ճիշտ ուղի է ցույց տալիս:

 

-Հայրիկ, ե՞րբ փոքր էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ:

-Փոքր հասակում շատ էի ուզում դառնալ օդաչու: Այնուհետև մեծանալով փոխեցի որոշումս և արդեն այդ ժամանակ իրավաբան էի ուզում դառնալ:

-Հետագայում ուսումդ որտե՞ղ շարունակեցիր:

-7 տարեկանում ընդունվել եմ Մուղնիի միջնակարգ դպրոց, սովորել 8 տարի, այնուհետև ավարտելով Մուղնիի դպրոցը, ուսումս շարունակել եմ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում: 17 տարեկան հասակում ընդունվել եմ Երևանի պետական համալսարան՝ ռադիոֆիզիկայի բաժինը:

-Ինչո՞ւ որոշեցիր ընդունվել Երևանի պետական համալսարան, և հենց ռադիոֆիզիկայի բաժինը:

-Սիրելով այս մասնագիտությունը, հաճույքով ընդունվեցի ԵՊՀ:

-Ի՞նչ մտադրություններ ունեիր և ինչպե՞ս ընդունվեցիր համալսարան:

-Մտադրություններս հիմնականում գիտելիքներ ձեռք բերելու և հետաքրքրության համար էր: Ես ունեի մաթեմատիկայի և ֆիզիկայի բավականին լավ գիտելիքներ, և հենց առաջին քննությունները հանձնելով, անվճար ընդունվեցի համալսարան:

-Քեզ դո՞ւր էին գալիս դասընթացները կապված ռադիոֆիզիկայի հետ:

-Ամեն ինչ շատ լավ էր: Շրջապատը նույնպես հոյակապ էր: Ունեի բազմաթիվ ընկերներ, որոնց օգնում էի ուսման հարցում: Ուսումնառությունը ինձ համար անցնում էր հետաքրքիր, քանի որ փորձում էի շատ գիտելիքներ ձեռք բերել:

-Սովորելու ընթացքում ինչպիսի՞ դժվարություններ ես ունեցել:

-Բացակայում էր տրանսպորտը, մութ ու անլույս տարիներ էին, ֆինանսական ծանր ճգնաժամ էր բոլորի մոտ: Այդ իսկ պատճառով էլ սովորելը համատեղել եմ աշխատանքի հետ: Դպրոցում աշխատել եմ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Դասավանդել եմ հիմնականում մեծերին:

-Ի՞նչ հաջողությունների հասար այդ ոլորտում:

-Կյանքում շատ գործերում օգնեց այդ մասնագիտությունը, այժմ էլ նույնպես որոշակի աշխատանքներում առաջնորդվում եմ այդ մասնագիտությամբ:

-Ավարտելով համալսարանը ինչո՞վ զբաղվեցիր և ինչո՞ւ:

-Համալսարանը ավարտելուն պես ինձ տարան բանակ, որպես սպա: Իսկ ծառայությունից հետո սկսել եմ զբաղվել մասնավոր գործերով:

-Ի՞նչ կմաղթես ինձ:

-Միշտ եղիր խելացի և, իհարկե, աշխատասեր, որպեսզի իրագործես նպատակներդ:

 

Հարցազրույցը գրի առավ Վիոլետա Մկրտչյանը