Seroj araqelyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Առավոտից մինչ ուշ գիշեր անակնկալներ

Մեդիա ճամբարի այս օրը ինձ համար մի քիչ յուրահատուկ էր: Ասեմ ինչի. գնացինք մոտակա գյուղերից մեկը՝ Գետիկ գյուղը: Գնացել էինք հարցազրույց վերցնելու տեղի բնակիչներից: Ճանապարհին երեխաների հանդիպեցինք, և հարցազրույցի ժամանակ նշեցին. «Մը քիչ յեգին արեք էլի, գորձիցը ուշանըմ ենք»: Հարցրեցինք, թէ ի՞նչ գործից են ուշանում: Ասացին. «Նկարչուհու բաղը մաքրող տինք գնալ, հետն էլ` կես ժամ ա ուշացել ենք»: Որոշեցինք հետները գնալ ու նկարչուհուց հարցազրույց վերցնել: 

Գնա~նք, գնա~նք, մեկ էլ ո՞ւմ տեսնենք. հայ տարազագետ Լուսիկ Ագուլեցուն: Մի տեսակ անսպասելի էր իրեն հանդիպել այդ գյուղում:  Երեխաների հետ զրույցից հետո որոշեցինք հարցազրույց վերցնել նաև Լուսիկ Ագուլեցուց: Երկար հարցազրուց վերցրեցինք: Մեզ ասաց, որ ամեն տարի գալիս է այդ գյուղ, որպեսզի ստեղծագործի: Տիկին Լուսիկը նշեց, որ տասը օրով է եկել ու տասը օրվա մեջ պետք է երեսուն կտավ նկարի՝ օրը երեք հատ: Տեղեկացրեց նաև նրա մասին, որ ձմեռները նունպես այցելում է Գետիկ: Տունը ձևավորված էր հին ավանդական ոճով, որտեղ աչքի էր ընկնում հնությունը, ձեռքի գեղեցիկ աշխատանքներ և ազգային տարազ, որը ինքն էր կրում: Սկզբից չէր ուզում նկարահանվել, քանի որ շորերը ամբողջությամբ յուղաներկոտ էին: Մի քիչ համոզելուց հետո ստացանք համաձայնությունը և սկսեցինք հարցազրույցը: Հարցազրույցից հետո մեր կամքին հակառակ, հյուրասիրեց և նկարվելու թույլտվություն ստանալուց հետո նկարվեցինք ու վերադարձանք: Երեկոյան Մուշեղ Բաղդասարյանը, որը «Մանանաֆիլմս» ստուդիայի համահիմնադիրներից է, դոկումենտալ կինոյի վարպետության դաս անցկացրեց, պատմեց, թե ինչպես է ստեղծվել իրենց ստուդիան, ինչ ֆիլմեր է նկարել և որտեղ, ընթացքում նաև ցուցադրեց իրենց նկարած ֆիլմերի թրեյլերները: Ես շատ էի դիտել «Մանանա» կենտրոնի ֆիլմերից, բայց «Մանանաֆիլմսի» ֆիլմերով մինչև հիմա տպավորված եմ: Եթե անկեղծ, ֆիլմերն իրենց պրոֆեսիոնալիզմով չէին տարբերվում Հոլիվուդյան կամ արտասահմանյան հայտնի ստուդիաների նկարած ֆիլմերից: Ֆիլմերը դիտելուց հետո մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք Մուշեղին, ով սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին: