qristine epremyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Ո՞վ պիտի գնա ֆիլմ նկարելու…

Առավոտյան ինչպես միշտ նախաճաշ, իսկ դրանից հետո որոշում ենք՝ ով ուր պիտի գնա՝ ֆիլմ նկարելու։

Պարոն Արան, սովորության համաձայն, սուրճի բաժակը ձեռքին կանգնում է գրատախտակի կողքին, հարցնում՝ ով է ուզում այսօր գնալ այսինչ ֆիլմը նկարելու ու «քաշվում» մի կողմ։ Դե, իսկ մենք, մեկս մյուսին հերթ չտալով, ձեռք ենք բարձրացնում, «կռիվ անում», որ մեր անունն էլ հայտնվի նրա գրատախտակի մի փոքրիկ անկյունում։

Աստղիկենց տուն գնալը դարձավ մեր առաջին «կռվի» պատճառը։ Նրա մայրը պիտի «Նազուկ» (գաթա) պատրաստեր։ Իսկ այնտեղ, որտեղ կա ուտելիք, մենք բոլորս պատրաստ ենք մեծ սիրով գնալ։ Սակայն մեզնից ընդամնեը չորսին բախտ վիճակվեց վայելելու «Նազուկի» անմահական համը։ Չնայած խոստովանեմ, որ նախ Նազուկը գաթա չէր, թեև քաղցր էր, և հետո` նկարահանումից հետո Աստղիկենց ընտանիքը այն ուղարկեց մեզ հետ ճամբարի բոլոր մասնակիցներին` համտեսելու:

Այս ընտրությունից հետո, իհարկե, զենքերը վայր չդրեցինք։ Հաջորդ ֆիլմը պետք է նկարեինք լիմոնադի արտադրամասում… «Նազուկ չկերանք, գոնե համով լիմոնադ կխմենք»։ Վստահ եմ՝ բոլորի մտքին սա էր։

Այս անգամ կարծես բախտն ինձ ժպտացել էր։ Մեր քառյակն էլ պատրաստ էր։

Այսպես բոլոր ֆիլմերի նկարահանման համար ընտրվեցին մասնակիցներ, շատերը՝ ինչպես նաև ես, ուզում էինք մասնակցել միանգամից մի քանի նկարահանման։ Բայց հասկանալի էր, որ դա այնքան էլ խելքին մոտ չէ։

Մնացել էր վերջին ճշտումներն անել, և մեր մեքենաները պատրաստ էին շարժվել համապատասխան ուղղություններով։ Դե, իսկ այդ վերջին ճշտումները ինձ համար եղան «ճակատագրական»։ Լիմոնադի արտադրամասի նկարահանումները հետաձգվեցին անորոշ ժամանակով, և ես այսօր մնացի «ձեռնունայն»։

Հիմա արդեն բոլորին ճանապարհել ենք իրենց ֆիլմերը նկարելու, իսկ մենք՝ «անբախտ» մի քանիսս մնացել ենք, որ պատմենք ձեզ, թե ինչ եղավ հետո։ Իսկ այն, ինչ եղավ հետո, կպատմեմ մյուս հոդվածում…