gayane movsisyan kotayq

Ավտոբուսը

-Վայ, Գայ, 3-րդը… Արագ գնա, որ չուշանաս:

Ես հաջողություն եմ ասում ընկերուհուս ու ինձ ահավոր հաջողակ եմ զգում, ինչպես այն մարդը, ով հասցրել է Հրազդանում կանգառ գալուն պես 3-րդ համարի ավտոբուս բռնացնել: Իսկ դա մեր օրերում, մեղմ ասած, այնքան էլ հաճախ չի պատահում: Ծանոթներիցս մեկը հաջող համեմատություն էր արել մի անգամ` ավտոբուսի ժամանումը հրաշքի հետ համեմատելով: Դե հրաշք չէ, ի՞նչ է` 36, 40, 45 րոպե ընդմիջումներով հազիվ գալիս է այդքան երազած փոխադրամիջոցը, ու եթե հանկարծ հասար մեկ րոպե ուշ, ուրեմն վայն եկավ, քեզ էլ հետը տարավ…

Ահա հարմարավետ տեղավորվեցի վերջին նստարանին, որն ավելի շուտ կարուսել է հիշեցնում, քան թե նստարան: Այն է, ուզում եմ պատուհանից նայելով անջատվել ու մտքերում աշխարհին հուզող հարցերը արագորեն լուծել, հանկարծ ուշադրությունս գրավում է մի փայլատակող ոսկե ատամով տղամարդ ու ևս երկուսը, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին նրա ընկերները լինելուն: Այդպես եմ ասում, քանի որ հաճախ մարդու ընկերները նման են լինում իրեն` նույն աշխարհները, նույն ճաշակները, նույն հոգսերը…

-Անունը Ալկատել ա, ախպեր, տեսքով հեռախոս ա, բայց դե որակը լավը չի: Մի անգամ քցեմ, էլ չի աշխատի հաստատ: Բայց գարանտիայի մեջ ա, կարամ փոխեմ,-պատմում էր ոսկե ատամավորը,  -Հետը մի բան էլ են տվել, բայց գլուխ չեմ հանում ինչ ա, չիպի տեղ էլ ունի, թե՞ ֆլեշկի: Չեմ էլ հիշում անունը, էնքան դժվար անուն ուներ, ախր: Զայրադնիկի նման ա, բայց զայրադնիկ չի…

Զրուցակիցները զարմանքով ու երևի հիացմունքով նայում են նրան, մտածում են երևի, թե ոնց է հիշում էսքան բարդ բառեր: Հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառանում է: Նա գլխի ընկավ անհայտ ծագման առարկայի անունը ու ծանրակշիռ ասաց.

-USB-ա դրա անունը, կարում ես միացնես կոմպից.. Ես էլ ունեի, բայց երեխեքս արագ հախից եկան: Էդ երեխեքն էլ գիտեն խաղալիք ա, տենում են թե չէ, հարձակվում են…

Ես զարմանքով ու բարի ժպիտով եմ լսում նրանց խոսակցությունը: Մտածում եմ, ախր, 21-րդ դարն է, տեխնիկայի առաջընթացի դարը, էսպիսի խոսակցությունները երևի մի տասը տարի առաջվա հիթերն են: Ես մտածում եմ, որ այս մարդկանցից մեծ եմ 10 տարով, չնայած իրական տարիքով երևի մի այդքան կամ ավելի շատ փոքր եմ:

Հետո շուռ եկա, նայեցի ճանապարհը եզերող եղևնիներին: Չգիտեմ էլ ինչու, հանկարծակի ինձ գալիս ու համակում է Ամանորի կախարդական շունչը: Այն կախարդանքը, որին վաղուց թողել էի անցյալի մշուշում: Մոռացել էի, թե ինչպես են ուրախանում Նոր Տարվան, թե ինչպես է հեքիաթային թվում տոնածառը, թե ինչքան են բարիանում մարդիկ, թե ոնց էի թրթռացող սրտով սպասում Ձմեռ Պապիկին ու ամանորյա իմ նվերներին: Երևի ամանորյա հրաշքն ինձ համար անցյալում մնաց այն օրվանից, երբ դադարեցի հավատալ Ձմեռ Պապիկի գոյությանը: Այդ ե՞րբ էր արդյոք… Չեմ հիշում: Մանդարինի հոտը որտեղից որտեղ գալիս ու քիթս է ընկնում: Նայում եմ ավտոբուսի մեջ, բայց ոչ ոք մանդարին չի կճպում, բոլորի դեմքերը հոգսաշատ են, զբաղված ու լուրջ արտահայտությամբ: Ու իմ ծիծաղն էլ է գալիս, որ նրանց մեջ փնտրում էի մանդարինի տիրոջը: Չէ, երևի դեռ չդնեմ տոնածառը… Միայն նոր հեռախոսի տերն է, որ ուրախ է ու իր ուրախությունը ես ամեն անգամ տեսնում եմ նրա փայլող ոսկե ատամի տեսքով:

-Սևանի կանալով լավ հաղորդումներ են ցուցադրում,-ասաց նա,  -նամանավանդ «Կիսաբաց լուսամուտները»: Դրան ոչ մի հաղորդում չի հասնի…

Տեսնես` ինչե՞ր էի բաց թողել նրանց խոսակցությունից, արդյոք ինչի՞ց են եկել հասել Սևանի կանալին, «Կիսաբաց լուսամուտներին»: Երևի երբեք էլ չեմ իմանա: Մի բան հաստատ գիտեմ` էս մարդը անհայտ պատճառներով ինձ հիշեցնում է մանկությունս: Երևի նրա համար, որ ես էլ մանուկ հասակում այսպես անմեղ էի, ոգևորվում ու ուրախանում էի անկեղծորեն, այլ ոչ թե մի ձևական ժպիտ շուրթերիս շնորհավորում բարեկամներիս Նոր Տարին: Երևի այն ժամանակ իմ կյանքի իմաստն էլ նոր հեռախոս ունենալն ու բոլորին նախանձեցնելն էր…

Իմ կանգառն է:Հայացքով հաջողություն եմ ասում ոսկե ատամով անծանոթին ու մի անկեղծ ժպիտ շուրթերիս իջնում եմ ավտոբուսից: Շնորհակալ եմ նրանից, որ անկեղծության լավ դաս տվեց, որ հիշեցրեց մանկությունս, որ մի քանի րոպեով ինձ վերադարձրեց Ամանորի մոռացված կախարդանքը:

Ես հասկանում եմ, որ սիրում եմ մեր փոքրիկ քաղաքի 3-րդ համարի ավտոբուսները, որ գալիս են այդքան սպասեցնելուց հետո, որ իրենց հետ բերում են բազմազան մարդկանց ու պատմություններ, և նրանցից անպակաս են արկածները: Սիրում եմ, անգամ հաշվի չառնելով, որ ստիպում են սպասել իրենց այնպես, ինչպես հրաշքին են սպասում:

Մեր փոքրիկ քաղաքի կանաչ ու դեղին հրաշքները…