Վարսավիրանոցն ընդդեմ Barber shop-ի

Վարդենիսի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում այս մետաղե տնակ-վարսավիրանոցը, որին նայելուց ասես տեղափոխվես 70-ական թվականներ։ Այն պատրաստված է մետաղե բազմաթիվ թիթեղների կտորներից։ Առաջին հայացքից զգացվում է, որ վերանորոգման փորձ է արված։ Այժմ այն ներկված է սպիտակ գույնով, բայց ներկի բարակ շերտի տակից երևում է նրա նախկին գույնը՝ կանաչը։ Արևի լույսը ներս է թափանցում մի փոքրիկ պատուհանից, որից դուրս է գալիս փայտե վառարանի ծխնելույզը։ Իսկ դռան և պատուհանի մեջտեղում կախված է մի ցուցանակ, որտեղ գրված է «Վարսավիրանոց»։ Քամուց ցուցանակն այնպես է շարժվում, ասես թե, ինքն էլ հոգնած լինելով այդտեղ կախված մնալուց, ուզում է պոկվել ու փախչել։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Օրեցօր ի հայտ եկող նոր barber shop-երը, կարծես չեն պակասեցնում այնտեղ աշխատող պապիկի գործերը։ Մի որոշ ժամանակ՝ 5-7 տարեկանում, նա է եղել իմ վարսավիրը, բայց հետո գտնելով ինձ ավելի հարմար տարբերակ, դասվել եմ դավաճան հաճախորդների շարքը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ ամենատարբեր պատճառներով, առիթներով մտնելով այդ վարսավիրանոց, հիշում եմ իմ մանկության մի փոքր հատված, հիշում եմ, թե ինչպես էր սև, կաշվե աթոռին դնում փայտե, ամուր տախտակ, ինձ նստեցնում դրա վրա, վառարանի վրա տաքացրած ջրով թրջում մազերս և կտրում։ Իմ քաղաքում ՝ Վարդենիսում, ես ունեմ մի պատմություն, որում եղած բոլոր հիշողությունները կապված են որևէ կառույցի, տարածքի կամ մարդու հետ։