«Ավրորայի» արձագանքները

Դեռևս շաբաթներ առաջ տեղի ունեցավ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի այս տարվա դափնեկիրն էր ակտիվիստ, իրավաբան Չո Լա Աուն:

Պատմել ու խոսել «Ավրորայի» նպատակների, հիմնադիրների, անցյալի, ներկայի ու ապագայի մասին, նրա մասը կազմող մարդկանց ջանասիրության ու պատրաստակամության մասին, կարելի է անվերջ: Սակայն տեղեկությունը, որ մենք լսում ու կարդում ենք՝ կարող ենք անել միշտ, բայց այսօր ուզում եմ պատմել այն աշխատանքի ու մարդկանց մասին, որոնք «կուլիսների հետևում են»:

2018 թվականի մարտ ամիսն էր, երբ Facebook սոցցանցի հարթակում տեսա հայտարարություն, որ կարող եմ դիմել ու միգուցե դառնալ «Ավրորայի» մի մասը որպես կամավոր: Լրացնելով դիմում-հայտը, անհամբեր սպասում էի արդյունքներին:

Մայիս ամիսն էր, երբ արդեն  հուսալքված էի, որ չեմ ընտրվել ու չեմ «հաղթահարել» հայտադիմումը: Ինչևէ, տխրեցի, քանի որ ինձ համար դա իսկապես մեծ փորձառություն կլիներ, նոր ծանոթությունների ու ձեռքբերումների կարևոր հնարավորություն:

Եվս մի քանի օր սպասելուց հետո հասկացա, որ հուսալքությունս տեղին չէր, և ես հրավիրված եմ հարցազրույցի: Շատ լարված և հուզված էի, սակայն այնտեղ տեսնելով կամավորների համակարգող Մարիա Ալոյանին, զգալով նրա անմիջականությունն ու մարդամոտությունը՝  լարվածությունն անմիջապես անհետացավ: Առցանց փոքրիկ թեստ, և այսպիսով, դարձա ամենաբարի ու կարևոր նախաձեռնության կամավոր:

Սկզբում վախենում էի, որ չկարողանամ արդարացնել, սակայն տեսնելով այդքան բարի ու ժպտացող դեմքեր, ովքեր ամեն կերպ փորձում են քեզ օգնել ամեն հարցում, որոնք առաջանում էին կամավորության օրերին, ներսից արդեն ուսումնասիրելով «Ավրորայի» գործունեությունը, պատմությունն ու հենց այս տարվա դափնեկրի կատարած աշխատանքը, ով կյանքի գնով պայքարել է մի ամբողջ ազգի, նրանց բարեկեցության ու իրավունքների համար, հասկանում էի, որ իսկապես, մարդկությունը դեռ չի «մահացել» ու կարծես թե, չի էլ «մահանալու» այսպիսի մարդկանց շներհիվ:

Ինչ խոսք, արդեն պարզ է, որ ծանոթացա բազմաթիվ խելացի ու տաղանդավոր մարդկանց հետ: Ամենակարևոր բաներից մեկն այն էր, որ նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերեցի, որն առաջիկայում օգտագործելն անխուսափելի է:

Անվանս հետ կապված շատ հաճախ էր լինում, որ լսում էի մեկ Դայանա մեկ էլ Դիանա: Դա արդեն սովորական էր դարձել ինձ համար, ամեն Դ տառով սկսվող անվան հետ ես կենտրոնանում էի….  Միգուցե, էլի՞ շփոթմունք է.

Հա, ի դեպ, հաճելի էր այնտեղ տեսնել 17.am-ցիների, թե ինչպես դա ստացվեց…. Ինչպես միշտ «հայու գենին» բնորոշ ձևով՝ «Ձեր դեմքն ինձ ծանոթ է» արտահայտությամբ:

-Բարև Դայան, լա՞վ է անցնում: Սկզբից շատ էիր վախենում, հիմա, ոնց հասկանում եմ, ամեն բան լավ է: Բայց քանի դեռ ազատ ժամանակ ունենք, մի բան եմ ուզում հարցնել: Հենց առաջին օրվանից ինձ թվում էր՝ մենք միմյանց ճանաչում ենք: Միգուցե… Հըմմ… Դու, 17-ի՞ց ես…

Իմ այո պատասխանից անմիջապես հետո, նա միանգամից հիշեց հենց առաջին նյութս՝ Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորի մասին: Մենք փոքր ինչ «քչփչալուց», այդ օրերի մեր փորձն ու գործը միմյանց հետ կիսելուց հետո անցանք գործի՝ օգնելու մյուսներին:

Կամավորության ընթացքում հանդիպած դեպքերն ու դեմքերն անհնար է երբևէ մոռանալ։ Ես համարվում էի հյուրանոցի թիմի անդամ: Այնքան հաճելի էր, մեծ ճանաչում ունեցող մարդկանց, ովքեր «բարության տիտղոս ունեն»,  տեսնել մոտիկից: Այն վերաբերմունքը, որ ստանում էր ցանկացած կամավոր հյուրերի կողմից, իսկապես հաճելի էր, և մանավանդ, հենց դափնեկիրների կողմից: Չէ՞ որ նրանք էլ հենց կամավորական աշխատանքի շնորհիվ են հասել այդչափ հարգանքի ու սիրո:  Անչափ տպավորիչ էր հյուրերից մեկի խոսքը. «Դուք գիտեք, որ գտնվում եք այնտեղ, որտեղ ձեզ համար լուսավոր ճանապարհ է կերտվում, և օգնելով մյուսներին, օգնում եք ինքներդ ձեզ ու ձեր ապագային»:

Ամենագեղեցիկ օրերից մեկը Մատենադարանի բակում էր։ Կամավորները պետք է մեծ պատվով ընդունեին երեք տարիների դափնեկիր դարձած անձանց,  և իհարկե, հիմնադիրներին։

Այդ օրն ամենաանմոռանալին էր, երբ ծանոթանում ու ճանաչում ես մեկը մյուսից խելացի ու բարի մարդկանց հետ։ Միակ խանգարող հանգամանքը, իհարկե՝ կիզիչ արևն էր։ Ինչևէ, մենք դիմանում էինք անգամ արևին։ Այդ օրը կամավորներն ավելի ու ավելի լավ ճանաչեցին միմյանց, քանի որ ազատ ժամանակն ավելի շատ էր: Միմյանց հետ խոսելով մեր ապագա նպատակներից, թե ինչն է մեզ համար առաջնային, փոխանակելով միմյանց հետ մեր սիրելի գրքերն ու ֆիլմերը, երգերն ու նախասիրությունները՝  անչափ տպավորիչ էր դառնում այն փաստը, որ կամավորների մեծ մասն ունեն նույն ճաշակը, իսկ աշխարհայացքների նմանությունը շատ ակներև էր՝ ցանկացած քննարկած հարցի շուրջ խոսելիս:

Կամավորությունը գաղափար է, իսկ «Ավրորա»-ն բացառիկ հնարավորություն էր ինձ համար ու շատ մեծ ուժ՝ նոր գաղափարների առաջացման:

Սա լավագույն միջոցներից մեկն էր ինձ համար՝ բացահայտել ինքս ինձ, հարմարվողականությունս ու ճկունությունս տարբեր բնավորության, մշակույթների ու տարբեր լեզուներով խոսող մարդկանց հետ շփման մեջ:

Ցանկացած կամավոր պարտավոր էր ամեն ինչ անել ժպիտով…  Ողողված լինել ժպիտներով. դա ամենահաճելի «պարտադրանքն» էր կամավորության օրերին:

Ու ո՞վ կարող է ասել, մի օր էլ կամավորներից ինչ-որ մեկը չի՞ դառնա դափնեկիր, կամ էլ բարեգործ՝ ներշնչվելով հենց այս նախաձեռնությունից։