Ատում եմ ապրիլը…

Ուզում եմ այլևս երբեք այդ բառը չլսել: Ուզում եմ, որ օրացույցից հանեն ապրիլը, այն ապրիլը, որը ոչ և ոչ մի ժամանակաշրջանում հայի համար երջանիկ չեղավ, այն ապրիլը, որ 101 տարի առաջ մեզնից խլեց միլիոն ու կես կյանք, իսկ հիմա՞, իսկ ա՞յս տարի, մեր ապրիլն այս տարի էլ արյունով ներկվեց: Այս տարի էլ ապրիլը մեզ համար լացի ամիս դարձավ, այս տարի էլ ապրիլին շատ ու շատ տների ճրագներ մարեցին:
Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ապրիլի 1-ին նշվում է ուրախների, սրամիտների օրը: Բայց ի՞նչ ուրախության մասին է խոսքը: Չէ՞ որ մենք ընդամենը մի քանի օրում կորցրեցինք բազում լուսավոր հայորդիների… Բոլոր-բոլոր այն Տղաներին, ովքեր արիաբար պայքարեցին, սեփական կյանքն անգամ չխնայելով հանուն ինձ, հանուն քեզ, հանուն իմ ու քո հայրենիքի, հիմա երևի երկնքից մեզ են նայում: Ես ասել եմ, ու էլի եմ ասում, երկնքում կյանք կա… Հա՜, կա… Ու մեր Տղերքը ողջ են, ողջ են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում ենք: Իսկ մենք նրանց հավերժ ենք հիշելու: Նրանք դեռ կյանք չտեսած իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի: Սա այն դեպքն է, երբ ոչ մի խոսք չեմ կարողանում գտնել ցավս նկարագրելու համար: Սա ցավ է, որին դարման չկա:

Մեր պապերն ասում են. Կյանքի դրվածքն է. Աստված իր մոտ է տանում լավերին…
Կյանքում բոլորս էլ մեզ տանջող ու անպատասխան գեթ մի հարց ունենք: Իմ մտքում միշտ նույն հարցն է. ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է մայրը որդուն 18 տարի պահի, մեծացնի, իսկ հետո վահանը ձեռքին գալու փոխարեն, նրան վահանի վրա հանձնեն մորը: Հա, հասկանում եմ, հանուն հայրենիքի, հանուն վաղվա օրվա, բայց մի՞թե անհնար է այդ վաղվա օրվան հասնել առանց մարդկային կորուստների: Այս հարցն ինձ հետապնդում է ամենուրեք, ամեն պահ:
Ես միշտ էլ մեր բոլոր Զինվորներին իմ եղբայրն եմ համարել, ու հիմա էլ, նրանք բոլորն իմ եղբայրներն են, քանզի ես այն հայուհին եմ, ում մտքում ամեն պահ աղոթքն է, աղոթք հայ Զինվորի, հայ Սահմանապահի համար: Հպարտ եմ ձեզնով, իմ ծանոթ-անծանոթ եղբայրներ, հպարտ եմ… Աշխարհի ամենալավ բառերն անգամ քիչ են ձեր անգնահատելի ու անփոխարինելի գործը նկարագրելու համար: Միայն խնդրում եմ, հե՛տ եկեք, Տղերք, ձեզ մի ամբողջ ազգ է սպասում:
Ամեն անգամ սահմանից վատ լուր լսելով, դատարկություն, ցավ, թախիծ եմ զգում, հեռվից լացող մայրերի լացի ձայնն եմ լսում: Ուզում եմ հետ տալ ժամանակը: Ուզում եմ հետ գան Տղերքը: Ասում են, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց չէ, ժամանակը հրաշագործ չէ, այն անզոր է մեր վերքերի դեմ: Ժամանակը ոչինչ մոռացնել չի տալիս, այս անգամ էլ այն չի կարող մոռացնել տալ ոչինչ ու ոչ ոքի: Չի կարող: Ժամանակը հրաշագործ չէ … Ժամանակը լոկ դեղամիջոց է, որն ունակ չէ ապաքինելու, միայն թմրեցնում է, ուրիշ ոչինչ:
Կանցնեն օրեր, նոր առավոտներ կբացվեն, բայց շատերի համար արդեն անիմաստ: Իսկ ես կշարունակեմ ամեն առավոտ արթնանալ ու առաջին հերթին ձեզ բարի լույս ասել, իսկ երեկոյան քնելուց առաջ ամեն օր բարի գիշեր մաղթել: Որպեսզի Ձեզ ոչ ոք երբեք բացակա չդնի:

Մարդիկ, ովքեր ինչ-որ բան անելուց առաջ ասում են. «Ես ինչի՞ պիտի ինչ-որ բան անեմ էս երկրի համար, ի՞նչ է արել էս երկիրն ինձ համար», թող հիշեն Տղերքին, որոնց համար էլ՝ էս երկիրը արած բան չուներ, բայց իրենք արեցին ամենակարևորը, տվեցին ամենաթանկը՝ երազանքներով ու նպատակներով լի իրենց կյանքը…