«Նոր սերունդ» թատրոն

Ընկերուհիս՝ Անին, մասնակցելով միգրացիային նվիրված սեմինարների, հնարավորություն էր ստացել սեփական նախաձեռնությամբ մի ծրագիր իրագործել, որը կոչվում էր՝ ո՛չ միգրացիային։ Նպատակն էր՝ երեխաների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցով, որոշակի չափով խոչընդոտել միգրացիային։ Մեր խնդիրն էր` տեղեկատվությունը փոխանցել ինտերակտիվ ներկայացման միջոցով: Ներկայացումը պետք է ցուցադրեինք մեր մարզի դպրոցներում` ցուցադրելով և երիտասարդության մեջ սերմանելով սեր և հավատարմություն հայրենիքի նկատմամբ։

Երբ Անին վերադարձավ սեմինարներից, ինձ ասաց․

-Նոն, դու սիրում ես և հակում ունես դերասանության: Արի դու էլ դարձիր թատրոնի դերասաններից մեկը։

-Մեծ սիրով,- պատասխանեցի ես,- հենց այսօր էլ կարող ենք սկսել սցենարի վրա աշխատել։

Շատ արագ ձևավորեցինք թատերական խումբ, մտածեցինք անունը` «Նոր սերունդ», մշակեցինք սցենարը և սկսեցինք աշխատել։ Քննարկումները շատ բուռն էին և ակտիվ։

Ի վերջո այսպիսի սցենար պատրաստեցինք.

Ընտանիքի հայրը՝ թողնելով իր աշխատանքը (մի փոքրիկ կրպակ) Հայաստանում, լսելով ընկերոջ հորդորները, վաճառել էր տուն-տեղ, ընտանիքով տեղափոխվում է այլ երկիր։Այնտեղ ապրում էին վարձով, ընտանիքի մայրը չէր աշխատում, հոր աշխատավարձը չէր բավականացնում արժանապատիվ ապրելու համար, երեխաները ընկճվում էին նոր միջավայրում, չունեին նաև այդ երկրում օրինական ապրելու թույլտվություն։ Շուտով լրանում է այնտեղ օրինական բնակվելու 3 ամիսը, և նրանք կանգնում են երկընտրանքի առջև՝ մնա՞լ, թե՞ վերադառնալ։ Ընտանիքում վեճեր էին առաջանում։ Աղջկա մայրը անընդհատ զանգում էր և հիշեցնում, որ աղջիկը սխալ ընտրություն է կատարել` ամուսնանալով այդ տղայի հետ և, միաժամանակ, լքելով հայրենիքը։ Հորդորում էր հետ վերադառնալ և ամենինչ սկսել նորից։ Եվ քանի որ թատրոնը ինտերակտիվ էր, վերջնական հանգուցալուծումը թողնում էինք հանդիսատեսին, ով պատասխանն ասելուց հետո պետք է բարձրանար բեմ և խաղար հոր դերը։

Ներկայացման ժամանակ հնչում էին տարբեր կարծիքներ. օրինակ, ինչու պետք է աղջկա մայրը միջամտի նրանց ընտանեկան գործերին, մի մասն էլ գտնում էր, որ զանգը ճիշտ էր և տեղին։ Եվ ավելի լավ է հետ վերադառնալ հայրենիք, ամեն ինչ սկսել նորից: Կային նաև կարծիքներ, որ հետ վերադառնալով ընտանիքի կյանքը հայրենիքում ավելի կծանրանա, քանի որ գնալու համար վաճառել էին իրենց տունը, և այլևս ապրելու տեղ չունեին:

Մենք ուշադիր լսում էինք հանդիսատեսին, զգում էինք, որ իսկապես շատ ցավոտ խնդիր է բոլորի համար, շատերի ընտանիքներն են կամ անցել արտագաղթի ճանապարհով, կամ պատրաստվում են անցնել: Միայն թե այս անգամ որոշում կայացնելուց առաջ համոզված ենք, երկար կմտածեն: