juli abrahamyan

Արագացրեք, լեկցիան սկսվեց

Անկեղծ եմ ասում, եթե ինձ մի անգամ էլ ասեն, որ սրանք իմ կյանքի լավագույն տարիներն են, ապա ապագայի հանդեպ լցված չարությամբ կպայթեմ: Դե, եթե հիմա` լավագույն տարիներիս շրջանում ամեն ինչ, մեղմ ասած, այդքան էլ «լավագույն» չէ, ապա ապագա՞ն ինչ է լինելու:

Բոլորը գրում ու ոգևորում են առաջին կուրսեցիներին, բայց ոչ-մեկը չի խոսում երկրորդ կուրսեցիների մասին:
Այդ մեկը կլինեմ ես, խնդրեմ:

Միանգամից ասեմ, եթե դու երկրորդ կուրսեցի ես ու պատկերացնում ես, որ բոլոր մոլորված առաջին կուրսեցիներին կարող ես օգնել, ապա սխալվում ես, որովհետև մեկը լինի քեզ օգնի:
Եթե մտածում ես, որ երբեք սուրճից կախվածություն չես ունենա, ապա զգուշացնեմ, որ սկսես քիչ-քիչ գումար հավաքել` սուրճի վարկերը մարելու համար:

Երկրորդ կուրսեցի լինելն այդքան էլ հեշտ չէ, որովհետև ամեն օր պարտավոր ես ժպիտը դեմքիդ մտնել ուսումնական հաստատություն, որ հանկարծ առաջին կուրսեցիները չվախենան ու վատ չզգան իրենց: Ամեն օր կլսես «արդեն մեծ եք, առաջին կուրս չեք» սաստող ու խորհրդավոր արտահայտությունը, ու ոչինչ, որ անցյալ տարի լսել ես «արդեն մեծ եք, դպրոցական չեք» նույնչափ խորհրդավոր ու իմաստուն խոսքերը:

-Էս ինչ տխուր դեմք ա:

Ինձ սա ասում են բոլորը, ե՞րբ` միշտ: Դե արի ու բացատրի, որ այդ տխուր, տանջված, տառապած, վրաերթի ենթարկված դեմքն իմ սովորական դեմքն է:

Չգիտես ինչու, բայց բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում հարցնել քեզ քո մասնագիտական առարկաների մասին: Ոչինչ, որ սեպտեմբերի երեքն է, ու դու դեռ գրքերդ չես ստացել:
Դե, քոլեջում երկրորդ կուրսից ես մասնագիտական առարկաներ անցնում, ինչը նշանակում է, որ երկրորդ կուրսում նոր-նոր պատկերացում ես կազմում, թե «էս ինչ կրակի մեջ ես ընկել»:

Երկրորդ կուրսում պատկերացնում ես, որ կողքի սրճարանի աշխատողին կարող ես ասել «ինձ ինչպես միշտ», ու նա ժպիտով քեզ կտա քո թունդ ու դառը սուրճը, բայց սովորաբար տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը.

-Բարև ձեզ, ինձ ինչպես միշտ:
-Դու ո՞վ ես: Ու մի քիչ արագ, էլի, հերթը խեղդում ա:

Բան չասացի, երկրորդ կուրսում գոնե լսարանների տեղերը հիշում ես ու դասախոսների ազգանունները չես շփոթում:

Չգիտեմ, թե երրորդ կուրսում ինչ տանջանքների ու փորձությունների միջով եմ անցնելու, բայց մի բան կմնա անփոփոխ` դուք կրկին ստիպված կլինեք իմ բողոքները կարդալ ու մտովի ասել, որ ձեր ժամանակ ամեն ինչ ուրիշ էր:

Արագացրեք, լեկցիան սկսվեց: