Արդեն ութանասունչորս տարեկան եմ, է…

 Հարցազրույց Մարին տատիկի հետ

-Մարին տատիկ, դուք երգչուհի Նարինե Դովլաթյանի տատիկն եք, արդյո՞ք դա պարտավորեցնող է:

-Այո, ո՛չ թե պարտավորեցնող, այլ հպարտացնող, որ այդպիսի թոռնուհի ունեմ ու ես էլ պարապում եմ իր հետ: Նարինես իմ թոռնիկն է, ես պահել ու մեծացրել եմ նրան, սովորեցրել այն ամենը, ինչ գիտեմ: Երգելը սովորեցրել եմ, երգել է ինձ հետ: Երգելու ժամանակ անգամ մարդիկ են լսել և հարցրել , թե`  ով  է քեզ սովորեցրել երգել, իսկ նա ասել է` իմ Մարին տատիկը: Չորս տարեկանից իր հետ պարապել եմ:

-Ձեր ընտանիքում արդյոք եղե՞լ են երգիչներ: Ումի՞ց է ժառանգել Նարինեն երգելու կարողությունները:

-Մեր ընտանիքում շատ կային երգիչներ՝ ես, եղբայրս: Միշտ մեր տանը երգն անպակաս է եղել: Մենք մանուկ հասակից երգել ենք, ու մեզնից էլ ժառանգել են մեր թոռները: Նա հարցազրույցների ժամանակ նույնպես չի թաքցնում, որ ես եմ սովորեցրել նրան երգել: Հիշում եմ, մեր դպրոցում կար երգի և պարի համույթ, որի ղեկավարը ես էի, նաև ինձ առաջարկում էին ուսումս շարունակել  Եղեգնաձորում:

-Ես լսել եմ, որ ձեր տանը կա գրադարան, և դուք կրթված կին եք:

-Այո, դա ճիշտ է: Ես ունեմ շատ գրքեր: Դրանք հիմնականում իմ պատշգամբում են: Անգամ սիրում եմ գրքեր կարդալուց  հետո տպավորություններս գրել: Ես միշտ ամեն ինչում եղել եմ առաջինը, ձգտել բարձունքների:

-Իսկ ունեցե՞լ եք երազանքներ, որոնք չեն կատարվել:

-Այո, ցանկանում էի սովորել, բայց  չկարողացա, քանի որ հորս աքսորեցին, ու մայրս միայնակ  չկարողացավ չորս երեխաների ուսման տալ:

-Իսկ  ի՞նչ  էիք ուզում դառնալ:

-Մանկավարժ, ցանկանում էի ունենալ լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորում:

-Լավ , շնորհակալություն հարցազրույցի համար:

-Տու էլ ապրես, Սոնա ջան, մըկը իմ թայը վիրն էլ խարցուցես, մե բառ չինը ասի: Արդեն ութանասուն չորս տարեկան եմ, է:

-Դե, քեզ առողջություն ու երկար տարիների կյանք, Մարին տատի:

Զրույցը վարեց Սոնա Թումանյանը