artyom safaryan

«Արդի խնդիրները» կարդալուց հետո

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է մեր ժողովուրդը այսքան բողոքում կրթական մակարդակից: Տեսեք՝ ինչքան շատ են «արտասահմանում ավելի լավ ա» կամ «եվրոպաներում ավելի լավ են սովորեցնում» արտահայտություն անողները։ Բայց եկեք մտածենք՝ այդ ինչու ենք մենք խորհրդային տարիներին ունեցել հրաշալի կադրեր յուրաքանչյուր բնագավառում։ Պատասխաններից մեկը հենց կրթական համակարգն է։ Այս համակարգը իր գագաթնակետին հասել է 1975 թվականին և գերազանցել այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Բրիտանիան, Ճապոնիան և Գերմանիան։ Համաձայնեք, վերջին երկրները չեն նրանք։ Բայց ինչո՞ւ եմ ես այս թեմայով խոսում։

Օրերս որոշեցի մի քանի նյութ կարդալ մեր սիրելի 17-ից ու հենց միանգամից աչքիս ընկավ Մարիամ Գրիգորյանի «Արդի խնդիրներ» նյութը։ Ասեմ՝ Մայքլ Բեյի ֆիլմերի նման շատ հարցեր մնացին նյութը կարդալուց հետո, բայց բոլորին չեմ անդրադառնա: Հետաքրքիր էր Մարիամի առաջադրած գաղափարը գնահատականների մասին։ Նա ասում էր, որ երեխաները չպետք է զգան, որ կողքինը իրենցից լավն է, և այդ պատճառով պետք է հանվեն գնահատականները։

Դե ինչ ես ուզում եմ այս մասին իմ տեսակետը հայտնել, սակայն մինչ այդ կուզեի ձեզ պատմել մեր դասարանի Սուրենի մասին։ Սուր, բարևներ, եթե կարդում ես այս նյութը։ Երբ Սուրենին նշանակում էին «7» գնահատականը, նա բառացիորեն կրծում էր դասատուի կոկորդը՝ պահանջելով իր գնահատականի «բողոքարկում» կոպիտ ասած, քանի որ մարդը գնահատում էր իր գիտելիքը, իր աշխատանքը ու շատ ժամանակ մի քանի ժամ մնում էր դասատուի հետ, որպեսզի հասկանա իր սխալը։

Հարցն այստեղ այն է, որ եթե մեր համակարգը զրկենք գնահատականներից, Սուրենի նմանները չեն կարողանա «ճաշակել» իրենց աշխատանքի պտուղները, քանի որ հավակնությունները «սնուցվում են» միայն սեփական գերազանցությունը զգալով։ Ինձ ցույց տվեք մի այնպիսի կոլեկտիվ, որտեղ բոլորը հավասար են։ Չկա նման բան:

Խորհրդային համակարգի դպրոցը սովորեցնում էր երեխային խստություն, պահանջկոտություն առաջինը սեփական անձի հանդեպ։ Մեր կարատեի դպրոցի պատին գրված էր. «Հաղթիր ինքդ քեզ և կդառնաս անպարտելի» կարգախոսը։ Իսկ պատկերացրեք դպրոց, որտեղ աշակերտները անում են այն, ինչ ուզում են, սովորում են այն, ինչ իրենց հետաքրքիր է և բացարձակ չեն գնահատվում։ Սերունդը կմեծանա «բութ և շատակեր»։ Չէ որ կյանքը խնջույքի սեղան չէ, որտեղ ամեն ինչից դրված է, ու դու ազատ կարող ես ընտրել այն, ինչ ուզում ես։

Հայրս մի լավ խոսք ունի՝ թե ուզում ես մի բանի հասնել, պիտի ջանիդ մի քիչ ջափա տաս», որը կարելի է թարգմանել այսպես. աշխատանքով կարող ես հասնել ամեն ինչի։ Սովետական դպրոցում մարդիկ անցել են բոլոր առարկաները հավասար։ Չեն սիրել շատերը, բայց սովորել են ու չեն ասել այն, ինչ ասում է երիտասարդների մեծ մասը. «Էդ ինձ կյանքում պետք չի գա»։ Համաձայն եմ, բայց այդ առարկաները մի շատ կարևոր բան են սովորեցրել, սովորեցրել են հաղթել իրենք իրենց։ Հեշտ փորձությունը հաղթահարելով դժվարի վրա քիչ ջանք կծախսես։ Իսկ գնահատականը հանդիսացել է առողջ խթան, որպեսզի հաղթահարվի այդ փորձությունը։

Մարիամ, ես համաձայն չեմ քեզ հետ: Մեր համակարգը չի հնացել, այն ուղղակի ողողվել է տարբեր բաներով, որով աղտոտվել է մեր համակարգի բոլոր պայծառ գծերը։

Ուսուցչի կերպարը առաջ և հիմա։ Շատ է տարբերվում, համաձայնեք։ Երբեմնի երկրորդ ծնող համարվող անձը հիմա նոր համակարգի մեջ գոյության պայքար է մղում «առաջադեմ» երիտասարդության հետ, որոնց մեծ մասը չի մտածում դժվարություններ հաղթահարելու մասին, այլ մտածում է, թե ինչպես դրանք ուղղակի շպրտի մի կողմ։

Լավ չցավեցնեմ ձեր գլուխները: Սովորողն ամեն տեղ էլ կսովորի, ուղղակի հարցը ընդհանուր մակարդակի մասին է, որը տարեցտարի, ցավոք սրտի, թուլանում է։

Դե ինչ, սովորեք, բացահայտեք նորը, մի վախեցեք դժվար առարկաներից և կտեսնեք, թե ինչ հաճելի է լինել բազմակողմանի զարգացած: