ella mnacakanyan yerevan

Կասկադը՝ ժամանակակիցի ու ազգայինի խաչմերուկ

Կասկադը Երևանում ինձ ամենահարազատ վայրերից է միշտ եղել: Իսկ մայիսից սեպտեմբեր ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը այն դառնում է նաև ամենասիրելին՝ չնայած մարդաշատությանն ու աղմուկին: Այդ օրերին Կասկադը վերածվում է մի խաչմերուկի, որտեղ «բախվում» են ժամանակակիցն ու հին ազգայինը՝ ազգագրական երգն ու պարը: Արդեն երկու տարի է, ինչ ես նույնպես մասնակից եմ դառնում ամենամսյա այս տոնին, որն իրար շուրջ է հավաքում թե՛ արտաքնապես, թե՛ կենսակերպով ու թե՛ էությամբ ամբողջապես տարբեր մարդկանց, որոնց միավորում է միայն մեկ բան՝ սերը հայկական մշակույթի հանդեպ: Ինչո՞ւ չնշեցի միևնույն ազգային պատկանելիությունը: Որովհետև, ի ուրախություն ինձ, ամեն ամիս կտրուկ աճում է նաև այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր այդ օրերին գալիս են Կասկադ ու այնպիսի մեծ ոգևորությամբ են փորձում սովորել հայկական ազգագրական պարերը, որ ինքդ ես ամաչում, երբ հասկանում ես, որ դու էլ լավ չես տիրապետում դրանց:

Ես ինքնուս եմ: Պարերը սովորել եմ ամեն անգամ Կասկադ գալով ու համառորեն փորձելով կրկնել կողքիններիս շարժումները, որոնց անընդհատ խանգարում էի իմ՝ պարել չիմանալով: Բայց չէ՜, այնտեղ ինձ հանդիպած մարդիկ միշտ այնքա՜ն բարեհամբույր ու պատրաստակամ են եղել՝ օգնելու սովորել պարերը, ու քաջալերել են, երբ ինչ-որ շարժում շարունակ չի ստացվել: Ու այդ հանգամանքն այն մագնիսն է, որ երկաթի նման ինձ ամեն անգամ ձգում, քաշում է դեպի Կասկադ ու նույնիսկ ոգևորում այնքան, որ երկու անգամ համարձակվել եմ ինձ հետ օտարերկրացիների բերելու: Այս տարվա վերջին բացօթյա համերգին՝ սեպտեմբերի 30-ին, թեև հետս դրսից հյուրերի չէի բերել, բայց այնքան էի հպարտանում, որ պարողների մեջ գրեթե ամեն երրորդը ծանոթ ու հարազատ էր՝ մեծամասամբ համալսարանից: Մինչդեռ վերջերս, երբ կրթական ծրագրի շրջանակներում հյուր էինք երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, վերջինս պնդում էր, թե Հայաստանում Ֆրանսիական համալսարանը թեև տալիս է որակյալ մասնագիտական կրթություն, բայց կաղում է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում: Այդ ժամանակ շատ տխրեցի այդ խոսքերից, բայց ոչ մի հակափաստարկ չկարողացա ներկայացնել: Իսկ հիմա վստահորեն կարող եմ ասել, որ մեր համալսարանը եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում մնացած բուհերին ռազմահայրենասիրական կրթությամբ: Չնայած՝ դա արդեն կարևոր էլ չէ…
Կարևորն այն է, որ ամսեամիս Կասկադում մարդիկ շատանում են, պարելու տեղը՝ փոքրանում, մթնոլորտը դառնում է ավելի ջերմ, իսկ ոգին՝ ավելի հայկական: