lilit khachikyan-2

Արդյո՞ք մեղավոր ենք

Ամառ է: Հիանալի եղանակ է: Իսկ ես այնքան ազատ ժամանակ ունեմ: Իսկ ինչպես պետք է «վատնեմ» իմ ազատ ժամանակը: Այո՛, վատնեմ, չէ որ հոգնել եմ ամեն օր նույն զբոսայգում զբոսնելուց, միևնույն ֆիլմը երկու, երեք կամ միգուցե յոթ-ութ անգամ դիտելուց:

-Լավ, հասկացա,- բացականչեցի ես:

Անմիջապես մոտեցա համակարգչին, մուտք գործեցի իմ ֆեյսբուքյան էջ ու կրկին տրամադրությունս ընկավ: Ախր, ոչ ոք առցանց չէր, ի՞նչ պետք է հիմա անեմ: Արդյո՞ք մեղավոր եմ ես այն բանի համար, որ ծնվել եմ մարզում, այլ ոչ թե քաղաքում: Ինչո՞վ ենք մենք մեղավոր….

Իսկ եթե ես ծնված լինեի մայրաքաղաքո՞ւմ: Ինչ հիանալի կլիներ: Ստիպված չէի լինի ազատ ժամանակս վատնել՝ մտածելով, թե ինչպես պետք է այն օգտագործեմ: Կայցելեի տարբեր զբոսայգիներ, սրճարաններ, պատկերասրահներ, թանգարաններ: Մի խոսքով, կունենայի հագեցած ու հիշարժան ամառային օրեր:

Իսկ եթե Աստված չանի հիվանդանա՞մ: Չէ որ մեր համայքում կա ընդամենը մեկ հիվանդանոց, չկան համապատասխան սարքավորումներ, նեղ մասնագիտական կադրեր: Իսկ քաղաքում պատկերն այլ է: Այնքան շատ են պետական հավատարմագրված, չհավատարմագրված հիվանդանոցները, որ չգիտես, թե որն այցելես:

Հիվանդությունը մի կողմ դրած: Ես արդեն 10-րդ դասարանցի եմ, ու այս երեք տարին այնքան արագ կանցնի: Մեր քաղաքում չկան բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ ես այնքան երազանքներ ունեմ: Դե, պետք է ուսումս Երևանում շարունակեմ, բայց ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը:

Արդյո՞ք մեղավոր ենք մենք, որ ծնվել ենք մարզում: