syuzanna kharatyan

«Արձակուրդները»

Արձակուրդները… Չակերտների մեջ դրված այս արձակուրդները։ Չակերտների մեջ, որովհետև դպրոցական երեքամսյա հանգիստը թեպետև կա,բայց միայն դասերից, բայց ինձ համար չակերտավոր են։ Ամեն օր ինչ-որ գործեր ունեմ։ Մի օր ՍՄԱՐԹ-ում, մի օր դպրոցում, մի օր համայնքից դուրս։

Դե, էս տարի էլ, ինչպես մյուս տարիներին, դասարանական էքսկուրսիա չգնացինք։ Հավաքվեցինք աշակերտներով ու ծնողներով, որպեսզի որոշենք էքսկուրսիայի ուղղությունը, մի ժամ դա քննարկելուց հետո, որոշվեց մեր Դսեղ գյուղի Ծովերում դասարանական «քեֆ» անել (հավաքույթ բառը,մեր պարագայում, այդքան էլ ճիշտ չէ ասել), ու էլի էքսկուրսիա չգնացինք: Սպասենք աշունը գա։

Շուտով նաև ճամբարների «սեզոնը» կհամարեմ բացված, սկսած գյուղի ճամբարից, Դիլիջանի և այլ հանգստյան գոտիների տարբեր ճամբարներ։

Անկեղծ ասած, պասիվ կյանք չեմ սիրում։ Սիրում եմ, երբ անընդհատ ինչ-որ խառը և հետաքրքիր գործերով եմ զբաղված։ Ու իմ օրերը կարծես թե հենց այդպես էլ անցնում են։ Արձակուրդի մեջ արձակուրդ չունեմ, երևի թե ուրախ եմ, որ այսպես է։ Հա՜, մոռացա ասել. արդեն ես 17-ամյա 17.am-ցի եմ։