Syuzanna Arshakyan

Արձակուրդ աշխարհից

-Ժամանակ չունեմ։

-Չհասցրի մտածել։

Հիմա եմ հասկանում, որքա՜ն անիմաստ ու անբովանդակ են նման պատճառաբանումները։ Պատճառներ, որոնք առաջ ենք բերում հարազատին չայցելելու, միմյանց ձեռք չմեկնելու կամ էլ որևէ մեկի խնդրանքը չկատարելու համար: Ժամանակ դեռ շա՜տ կունենանք, իսկ հարազատին այցելելու, ընկերոջ վիշտը կիսելու հնարավորությո՞ւն։ Չբացառենք, որ օգնելու խնդրանք ևս չենք ունենա: Ինչևէ: Առանց այն էլ չէինք կարողանում հավասարվել կյանքի խելահեղ ընթացքին, գլուխներս միայն մեր անձնական գործերի, մտքերի ու մտածմունքների մեջ թաղած շնչակտուր վազում ու վազում էինք՝ շատերս անգամ տեսադաշտում չունենալով վերջնակետը։ Ու հանկարծ բոլորս ստանում ենք չնախատեսված արձակուրդը։ Արձակուրդ ոչ թե աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից, այլ ես կասեի՝ աշխարհից։ Ի՞նչ ես անում քո բաժին արձակուրդի ընթացքում, քո աշխարհում։ Շատերի համար ուղղակի ժամանակի կորուստ է, ի՜նչ ենք անելու։ Մյուսների համար ժամանակի մե՜ծ չափաբաժին, մե՜ծ հնարավորություն, սեփական «ժամանակ չունեմ»-ները մի լավ քրքրելու համար։ Մի պահ մտածեցի, որ բոլորս մեր գործերը, նպատակները սեղմել ու տեղավորել էինք այս մեկ ամսվա մեջ, ինքներս մեզ տվել ընդամենը մի ամիս դրանց հասնելու, ինչ-որ գործեր ավարտին հասցնելու համար։ Հիշենք, որ կորոնավիրուսից հետո կա կյանք։ Ի՞նչ էինք անում, երբ ժամանակը շատ էր, իսկ առօրյան՝ ազատ։ Ո՞ւր էինք այդքան շտապում, ի՞նչ էիք անվերջ ձեռնարկում, որ հիմա խուճապահար եղած փորձում ենք հասցնել ամեն բան։ Եկեք հիմա շեշտը դնենք ոչ թե նյութականի, որը կարծում եմ՝ բոլորիս մտածելակերպում է արժեզրկվել, այլ հոգևորի, աննյութականի վրա։ Ինքս մի քանի գիրք էի առանձնացրել ու աշխարհից արձակուրդի ընթացքում որոշել էի կարդալ։ Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. Ես վախենում եմ»-ը առաջինն էր ու ամենահամապատասխանը ստեղծված իրավիճակին։ Անհնար է կարդալ առանց մտքերի մեջ ընկնելու, ինքդ քեզ հետ կռիվ տալու ու որոշումներ կայացնելու։ Կարդալիս գեթ մեկ անիմաստ կամ անհետևանք հանդիպում չես ունենա ոչ մի հերոսի հետ: Մարդկային անտարբերության, խարխլված հարաբերությունների, վայրկենական արված որոշումների ու այս ամենի հետևանքների մասնակից հերոսներից մեկը ներսումդ մի նոր ու անհրաժեշտ արժեք է ձևավորում, մյուսը՝ թույլ տալիս ու օգնում ազատվել ներսումդ արմատացած շա՜տ-շա՜տ «անպետք»-ներից։ Ընթացքում դու ևս դառնում ես մասնակից, ոչ երբեք դիտորդ կամ ուղղակի ընթերցող, եթե անգամ չգտնես քեզ նրանցից որևէ մեկի մեջ, կամ հենց քո մեջ տեսնես նրանցից մի մասնիկ, վստահ եմ՝ կզգաս ինչ-որ բացթողում ու մեծ ցանկություն՝ մեկնելու քո ձեռքը, որին նրանք փնտրում ու սպասում են։ Ասածս ինչ է, գտեք ձեր զբաղմունքը, օգտագործեք ժամանակը՝ գալիքին ուրիշ աչքերով նայելու համար։ Ի դեպ, գիրքը հրաշալի միջոց է։ Կորոնավիրուսից հետո կա կյանք, որը նյութականով չի սահմանափակվում։

Առո՛ղջ եղեք։