Լուսանկարված էջեր, սկանավորված և PDF դարձած տարբերակներ։ Ահա այն գործոնները, որոնք ողողելով համացանցը՝ դարձան ժամանակակից հեղինակների մտահոգության պատճառները։
Հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենքը խախտողներն այն հավասարազոր են դարձրել «սպանության» մասին օրենքին։ «Մի սպանիր վաղվա գիրքը»։ Այս է հրատարակչությունների կոչն ու հորդորը սոցիալական կայքերում ակտիվորեն անօրինականությամբ զբաղվողներին։
Մի՞թե գրքերը գրվում են՝ տեղ գտնելու համար անձնական նամակագրություններում, էլեկտրոնային փոստերում և անգամ սոցցանցային խմբերում:
«Երիտասարդները հետաքրքրված են ժամանակակից գրքերով»։ Առաջին հայացքից ուրախալի թվացող արտահայտությունն իրականում ծածկոց է՝ վաստակելու միջոցը թաքցնելու համար։ Առանց հեղինակի թույլտվության, գրքերի անորակ տարբերակների տարածումն ավելի վտանգավոր դարձավ, երբ հայտնվեցին գնապիտակները։ Արդյունքում, մի կողմը վաստակում է, մյուսը՝ տուժում։ Ֆինանսական առումով տույժն ակնհայտ է, ընթերցողներին տրամադրվում են ապօրինի էլեկտրոնային տարբերակները, գրախանութներում կտրուկ նվազում է գնելիությունը։ Տուժում են նաև գրքի ստեղծմանը մասնակից դարձած բոլոր ստեղծագործողները, հեղինակից մինչև մարքեթինգային կազմակերպություն և նկարազարդողներ, կորցնում են հաջորդ գրքի ստեղծման մասին մտածելու շարժառիթը, նպատակն ու միջոցները։ Սոցիալական կայքերից գնված օրինակները հաճախ, եթե ոչ միշտ, չեն համապատասխանում բնօրինակին։ Ընթերցողին բնօրինակի փոխարեն հասնում է սղագրված, կիսատ, փոփոխված տարբերակը, կարծիքները տարածվում են համացանցում՝ գցելով գրքի վարկանիշը։ Այս պարագայում հետևանքները ևս կանցնեն գործի, անօրինական տարբերակները կջնջվեն, բայց վարկանիշը վերադարձնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Հեղինակները մտածում են այս մասին, գրառումներ կատարում, հորդորում, որ դադարեցվեն տարածումները։ Նրանց նպատակը ընթերցողին սխալ ճանապարհից վերադարձնելն ու սեփական իրավունքների հանդեպ հարգանք տեսնելն է։
«Գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներներին, խմբագիրներին և այլոց»,- ասել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Երիտասարդ գրող Արմեն Նիազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Պատրաստ եմ տպագիր գիրքը տալ կարդալու նրան, ով իրոք շատ է ցանկանում կարդալ, բայց գնելու հնարավորություն չունի»։ Այսպիսով, պահպանելով դիմացինի հեղինակային իրավունքը՝ յուրաքանչյուրս կդառնանք գրքերի ստեղծման, օրինական վաճառքի ու փոխադարձ հարգանքի մասնակիցն ու աջակիցը։