Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ

Հայաստանի նկարիչների միության անդամ Մերի Եփրեմյանը նկարել սկսել է մանուկ հասակից։ Նկարչուհին դժվարանում է իրեն նկարագրել, գերադասում է, որ իր մասին ոչ թե ինքը, այլ ուրիշները խոսեն։

Նպատակասլաց ու արագ որոշումներ կայացնող մարդ է, սիրում է ստեղծագործել ազատության մեջ։ Մերին մասնագիտության ընտրության հարցում չի տատանվել, իրեն որևէ այլ ոլորտում երբեք չի էլ պատկերացրել։ Նկարչուհին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է։ Մագիստրատուրայի շրջանակներում, փոխանակման ծրագրով մեկնել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի ակադեմիա։

-Շտիգլիցում ուսանեցի գերազանց, վերադարձա Հայաստան` դիպլոմային աշխատանքս պաշտպանելու: Այն համարվեց լավագույնն ու Հայաստանի նկարիչների միության անդամ դարձա,- պատմում է Մերին։

Գեղանկարչուհին 2012 թվականից ցուցահանդեսներ է ունեցել։ Մեծ արձագանք է ստացել հատկապես գրաֆիկայի առաջին անհատական ցուցահանդեսը՝ 2017 թվականին։

Մերի Եփրեմյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև Սանկտ Պետերբուրգում և Բելառուսում վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսների մասին:

-2021 թվականին Բելառուսում միջազգային ամենամյա ցուցահանդես կայացավ` բիենալե, որին մի շարք երիտասարդ նկարիչներ էին մասնակցում Շվեդիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Ես պատիվ ունեցա ներկայացնելու Հայաստանը, և 17-րդ դարի շքեղ ցուցասրահում միայն ինձ շնորհվեց պատվոգիր,- ոգևորությամբ նկատում է նկարչուհին՝ հավելելով,- տպավորություններս բառերով անհնար է նկարագրել։

8 երկրի ներկահացուցիչների շարքում Մերի Եփրեմյանի կտավը միակն էր, որ արժանացավ «Լավագույն աշխատանք» մրցանակի։

Մերին երազկոտ մարդ է և ունի բազմաթիվ երազանքներ, որոնց մեծ մասն արդեն կատարված է համարում՝ ընդգծելով․

-Այսօր էլ քայլ առ քայլ մյուս երազանքներիս ետևից եմ գնում։ Երջանիկ մարդ եմ ինձ համարում։

Ինչպես զրույցի ընթացքում նշեց նկարչուհին`ցանկացած միջավայր նկարելու ցանկություն է ստեղծում, սակայն բնությունն ու սեփական արվեստանոցը առանձնահատուկ են իր համար։

Մերի Եփրեմյանը նաև մոդելինգով է զբաղվում:

-Սիրում եմ աշխատել տեսախցիկի հետ, ոչ ստանդարտ, ոճային կերպարներ ստանալ հագուստից, ու ամեն ինչին որպես արվեստ մոտենալ,-նշում է Մերին, որն իր այդ ձգտումը համարում է իր առանձնահատկությունը։

Մերին դասավանդում է նաև արվեստի դպրոցներում։ Որպես լավագույն խորհուրդ սաներին՝ ընդգծում է․

-Պետք է արվեստն անսահման սիրել ու կոչմանը հավատարիմ մնալ` ինչքան էլ փորձություններով հարուստ լինի ուղին։ Նկարչությունն անսահման խորը աշխարհ է։

Մերի Եփրեմյանը վստահ է․

-Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ։