Արվեստի վարագույրները բացում ենք. Արտիստը

Այս անգամ հարցազրույց վարեցի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Արթուր Գաբրիելյանի հետ:

-Արթուր, ինչպե՞ս սկսվեց ձեր ու թատրոնի սիրավեպը:

-Սկսվեց սրանից շատ-շատ տարիներ առաջ, երբ իմ՝ Երևանի Դ.Վարուժանի անվան դպրոցում ստեղծվեց «Առլեքին» թատրոն-ստուդիան: 8-րդ դասարանում էի, միշտ մաթեմատիկայի դասերից փախչում էի, գնում և փորձերն էի նայում: Հետո 9-րդ դասարանում ես էլ ստացա փոքրիկ դերեր, ու իմ հրապուրանքը դարձավ ճակատագիր, կյանքի ուղի, նպատակ: Դա երևի եկավ լրացնելու իմ մանկության տարիների մեծ հրապուրանքը, երբ մութ ու ցուրտ տարիներին, երբ դեռ մանկապարտեզի տարիքի էի, իմ մայրը գրեթե ամեն շաբաթ ինձ տիկնիկային թատրոն էր տանում:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Կապանի թատրոնում:

-Կապանի թատրոնում հայտնվեցի 2012 թվականին զինորական համազգեստով իմ կուրսղեկի՝ Հրաչյա Աշուղյանի շնորհիվ: Նա ասել էր Կապանի թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանին, որ իր ուսանողը ծառայում է Կապանում, և Կամո Արզումանյանի ցանկությամբ և գրությամբ նախարարից ստացվեց հրաման՝ ինձ թույլատրել մասնակցել թատրոնի փորձերին և ներկայացումներին, թատրոնի գործունեությանը: Ու ծառայության ավարտից հետո, Կամո Արզումանյանից ստացա հրավեր որպես դերասան աշխատել թատրոնում: Ես շատ էի կապվել թատրոնի հետ, ու քանի որ ինձ հետ կապվել էր նաև թատրոնի ողջ ստեղծագործական անձնակազմը, մնացի Կապանի թատրոնում:

-Գիտեմ, որ Ձեզ կոչում են Արտիստ: Որտեղի՞ց առաջացավ այդ մականունը:

-Արտիստ ինձ առաջինը կոչեց ծառայակից ընկերս, և այդպես դարձավ մականուն: Ճիշտն ասած, սկզբից ինձ համար վախեցնող մականուն էր՝ կրել այդ մեծ կոչումը, հատկապես, երբ բոլորը համընդհանուր ինձ Արտիստ էին դիմում: Իսկ հիմա, փառք Աստծո, դերերովս կարողանում եմ արժանի լինել այդ պատասխանատու կոչմանը:

-Թվեք ձեր մարմնավորած լավագույն կերպարներին:

-Սիրում եմ իմ բոլոր դերերը: Դրանք իմն են, իմ ստեղծածը, ես եմ արարել, միս ու արյուն տվել և առանձնացնել մեկը մյուսից չեմ կարող: Յուրաքանչուր կերպարում մեկը մյուսից յուրահատուկ զգացում, հաճույք եմ ստացել: Սիրում եմ բոլոր կերպարները. թե Կուլիգին՝ Օստրովսկու «Ամպրոպում», թե Գաբրոն՝ Շիրվանզադեի «Եվգինեում», Համհարզ՝ «Գարեգին Նժդեհում» և այլն:

-Դասավանդում եք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, ինչպիսի՞ կադրեր կան այնտեղ:

-Այո: Գորիսի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնում հուսադրող է իրավիճակը: Այսօրվա ուսանողներից արդեն երկուսը խաղում են թատրոնի խաղացանկային ներկայացումներում: Կրթական առումով մասնագետների կարիք չունենք. լավագույն մասնագետներն են դասավանդում: Գորիսի մասնաճյուղի շրջանավարտներից երեք հոգի արդեն աշխատում է թատրոնում: Ի դեպ, նրանցից մեկը շուտով կզորացրվի և կմիանա մեզ: Նաև ունենք Կապանի արվեստի դպրոց, որի սաները կապված են թատրոնի հետ:

-Իսկ ձեր երազանքների կինը ինչպիսի՞ն է:

-Ինձ համար չկա մտացածին ինչ-որ իդեալական կերպար: Ընդամենը մեկ բան է պետք. լինի իմը հոգով, մտքով, մարմնով: Լինի իմ ընկերը, իմ կինը, իմ սրտակիցը, իմը:

Ահա այսպիսի անկեղծ զրույց Արթուրի հետ: Կհանդիպենք շուտով նոր կյանքի պատմությամբ: