Anush abrahamyan

Արտաշխարհային

Ինչ-որ կարմիր ծայրով վրձնի հաջողվում է ամեն բան նկարել անթերի, թեթև ու եթերային: Իհարկե, այդ վրձինը եթերային է նկարել նաև մեկին, ով կլրացնի այդ պատկերը ու առանց տրտնջալու կապրի այնտեղ, որտեղ բացի պատկերներից, ապրում է նաև երաժշտությունը: Երաժշտությունը ստեղծում է մի գանգրահեր մանուկ: Այդ վրձինը՝ իրեն թաթախելով կապույտի ու սպիտակի մեջ, անզուսպ ու ճկուն քսվել է երկնակամարին: Նրա սպիտակ ներկված թելերից առաջացել են բամբակե ամպեր, որոնք պարփակում են նրան ու մանկանը, հանգիստ օրորվում երազներից առաջացած ժպիտների վրա: Նրա կողքով անցնող երամները բույր են բերում կտուցներին առած: Մի հավերժություն է ապրել այդտեղ ամպի ոգին, բայց միշտ սիրտը թրթռում է, երբ մանուկը փորձում է նվագել նորը՝ ավելի վեհը: Նա երբեք չի տրտնջացել ձանձույթից, որովհետև այնտեղ՝ ամպերի մեջ, ամեն ինչ տարբեր է, ամեն ակնթարթ իր սրտով է…  

Նա հենվել է հաստաբուն մի ծառի, զգում է հողը իր ոտքերի տակ, զգում է հողի ջերմությունը և բերրիությունը, նրա շուրջ հազարավոր ծառեր իրենց՝ հողի կուրծքը խրված արմատներով, միլիոնավոր տարիներ եղել են այդտեղ, լսել քարերի ձայնը ու ավազահատիկների ճչոցը, երբ քամին իրենց իր բերանն է առել: Նրանք հազարավոր տարիներ եղել են երազող հայացների ավետյաց երկիր՝ աճել են ուժ ու զորություն տալով բնության կանաչ ոգուն: Նա ամենուր էր. թե՛ անտառներին շարունակող անապատների ավազահատիկների թպրտացող սրտերում, թե՛ հեռավոր ժայռերի ծերպերում աճած բույսի կողքին, թե՛ ամենաբարձրում: Սլանում է անսահման հեռուն, միևնույնը զգում է հողը, իր կանաչը, ինքն իրեն: Դրա համար երբեք չէր ծերանում բնությունը ու հավերժական էր իր կանաչ սաղարթներով: Նա բնության կանաչ ոգին էր:

Մեկը անթեղել է ներդաշնակությունը սիրո հետ ու մի լավ թրջել` պահելով ծովում: Նա կամքից անկախ, տարածում էր թևերը ու հանգիստ քսում շարժվող ջրիմուռներին, չէ որ զգում է ջուրը իր մեջ: Հաճելիորեն սահեցնում էր հայացքը ջրում, ողջ ուժով խրված արևի վրայով, որը չէր հանգել: Նրա շողերը անցնում էին մամռակալած նավի պատուհանների միջով, հասնում ձկների քարայրներ ու, մտնելով ձկների պարզ աչքերի մեջ, կորչում: Միլիոնավոր անգամներ է լողացել դեպի արևը, հասել այնտեղ ու հոգում անբացատրելի զգացումներ ներարկելով հետ եկել: Ինչքան բան է արել ծովը նրա համար, որքան հաճախ է կուլ տվել աստղերին ու տարել իր կապույտ խորքերը: Ծովը անսահման է, ծովը ապրեցնող է: Նրա մեջ քնելու էին գալիս լուսինը, արդարությունը ու ազնվությունը: Ի վերջո, ծովի մեջ էր արևը, ծովի մեջ էր նա, ում համար ձկները մարգարիտներ էին բերում, իսկ ջրային մյուս կենդանիները իրենց ներկայությամբ լրացնում էին այդ թաց ու երջանիկ պատկերը: Այնտեղ էր ապրում ներդաշնակության ոգին…

Դարեր ապրեցին այդ ոգիները, դարեր կուլ տվեցին առանց վախի ու կարոտի: Յուրաքանչյուրը իր մեջ ապրեց հազարներ: Բայց, մի ակնթարթի սկիզբը դարձավ ավարտ: Հսկայական ծովը ցնդեց ու ընկավ մի հսկայական գնդի խոր ու այրվող վերքերի մեջ, նրա բնակիչների կեսը մեռան ու անհետացան, այդ թվում նաև այն ոգին, ով դեպի արևն էր լողում ու հանդարտեցնում էր ջուրը: Ծառերը, ժայռերը ու անապատները դղրդյունով ընկան գնդի երեսին, ծառերը սկսեցին ծերանալ ու ոչնչանալ, անապատները վերածվեցին անպետքության, ժայռերը համրացան` կորել էր բնության կանաչ ոգին: Երկինքն էլ ընկավ` հազիվ կախվելով հեռավոր մի երազի բարակ թելից, ու ցավից գալարվելով, փաթաթվեց գնդին: Գանգրահեր մանուկը հազիվ նստեց մի փոքր ամպի ու նվագեց, բայց ոչ մեկը չէր լսում նրա երաժշտությունը, այն հալվում էր ու սահելով ընկնում ջուրը, որտեղ էլ կորչում էր: Նրան չէին լսում, որովհետև չկար այն ոգին, որ անզուսպ հիացմունքից վեր կթռչեր ու կգրկեր մանկանը:

Երեք աշխարհների բախումից առաջացած քաոսը շատ ժամանակ անց միայն փոքր ինչ հանդարտվեց: Ծովը տարածվեց հողի կրծքի մեջ, հողը ձեռքը պարզեց դեպի երկինք: Երեք ոգիների բախումից առաջացած քաոսը չի հանդարտվում, նրանք չեն կարողանում ընտելանալ, նրանք բանտարկված են մի հողածին մարմնում: Նրանք չեն ընտելանում, ձգտում են իրենց աշխարհներ, պայքարում են իրենց դարերի համար:

Ես վերցրի իմ կարմիր ծայրով վրձինը, թաթախեցի այն կապույտի ու սպիտակի մեջ, երկար ժամանակ ժպտացի` նայելով սեղանիս դրված հրեշտակին, ով նվագում էր ջութակով: Հետո արագ վրձինը մոտեցրի թղթին: Զգում եմ, չեմ կարողանա նկարել, մի բան ինձ չի թողնում: Ախր, հասկանում եմ, որ բացի բանտարկված ոգուց, ոչ մեկը չի կարողանա հանդարտեցնել փոթորկված ծովին, որը զայրույթից կուլ է տալիս ամեն բան, ոչ մեկը, բացի նրանից, չի կարողանա գտնել ծովի սիրտը: Գիտեմ, որ բացի ամպերում ապրող ոգուց, ոչ մեկը չի կարողանա կանգնեցնել գանգրահեր մանկան լացը, ոչ մեկն այլևս չի կարողանա մխիթարել ծեր ծառերին ու վախեցած ավազահատիկներին, ոչ մեկն այլևս չի լսի համրացած ժայռի երգը: Գիտե՞ք, սիրելինե՛րս, գիտեմ նաև, որ ոչ մեկը չի կարողանա ազատել այդ ոգիներին, բացի ինձնից, ինձնից, որովհետև նրանք իմ մեջ են բանտվել…